Mediahub.am-ը գրում է․

Միշան մեկ եղբայր ու մեկ քույր ուներ։ Մեծավանից էր, վաղը ծառայության մեկ տարին էր լրանալու։ Վերջին անգամ դեկտեմբերին էր եկել տուն, ուրախ էր շատ, գնացինք, միասին մոմ վառեցինք։

Այս մասին այսօր MediaHub.am-ին պատմեց Գեղարքունիքում զորամասի հրդեհի հետևանքով մահացած Միշա Դումիկյանի ազգականը՝ Լորետա Պետրոսյանը։

«ԵՊՀ-ում էր սովորում, մշակութաբանություն։ Լուսավոր տղա էր։ Երբեք ծառայությունից ու ծառայության պայմաններից չի դժգոհել։ Հասկանում էինք, որ բանակ է, հնարավոր է, որ ամենը չի կարող իր սրտով լինել, բայց չէր բողոքում»,- պատմեց ազգականը։

Լորետայի փոխանցմամբ՝ Միշայի հայրը գնացել է Գեղարքունիք, հաստատվել է, որ իր որդին է։

«Հույս ունեինք, որ չի հաստատվի լուրը, ցավոք, այդպես չեղավ։ Շատ հումորով էր Միշան, իր հետ 1 վայրկյան տխուր չէիր կարող նստել, կամ, եթե տեսներ՝ տրամադրություն չունես, միանգամից մի հումոր կաներ, որ բարձրանար տրամադրությունդ։ Իր հետ պարապող երեխեքը ու ուսուցիչը միշտ պատմում էին, որ շատ կոկիկ էր, գրքերը, ամեն ինչը կոկիկ դասավորած։ Շատ դրական էր, ընկերասեր, բարի»։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնեց, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել