ShowBiz.am-ը գրում է․

Ամիսներ առաջ Արմենիա TV-ով մեկնարկեց «Հայ երգիչ» երաժշտական նախագիծը։ Հեռուստադիտողի քվեարկությամբ նախագծի հաղթող ճանաչվեց Սաթենիկ Սահակյանը՝ Նաիրա Գյուրջինյանի թիմից։

«Հայ երգիչ» նախագիծը վարում էին Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը։ Նախագիծի գլխավոր պրոդյուսերը Հրաչ Քեշիշյանն էր։

Ամիսներ տևած մրցույթի ընթացքում մասնակիցներից շատերը ճանաչում ձեռք բերեցին և սիրվեցին հեռուստադիտողի կողմից, այսօր մենք փորձել ենք բացահայտել մրցույթի հաղթող Սաթենիկին, ով ShowBiz.am-ի հետ զրույցում պատմել է երաժշտական ասպարեզում իր առաջին քայլերի, մրցույթի ընթացքի և իր ապագա պլանների մասին։

Սաթենիկ Սահակյանը 20 տարեկան է, Գավառից։ Սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, երրորդ կուրսում, ջազ-վոկալ բաժնում։

Երիտասարդ երգչուհին երգարվեստում առաջին քայլերն արել է դեռ մանկության տարիներին։ Հիմա մեծ սիրով ու ջերմությամբ է խոսում առաջին ուսուցչուհու ու իրենց դասերի մասին․ «Երաժշտական ասպարեզում առաջին քայլերս սկսել եմ հարազատ Գավառում, որտեղ ծնվել ու մեծացել եմ։ Երբ 6 տարեկան էի՝ ընտանեկան խնջույքներից մեկի ժամանակ այնպես է ստացվում, որ ես սկսում եմ երգել։ Այդ պահին հայրիկիս ընկերն ասում է, որ ես շատ տաղանդավոր եմ, անպայման ծնողներս պետք է այնպես անեն, որ ես երգեցողության դասերի հաճախեմ։ Մայրիկս էլ դրանից ոգևորված ինձ տանում է վոկալի, ու այդպես ես ծանոթանում եմ իմ առաջին ուսուցչուհու՝ Լիա Տոնոնայի հետ։ Մինչ օրս՝ մոտավորապես 11 տարի, մենք անբաժան ենք, պարապել ենք, տարբեր մրցույթների ենք մասնակցել։ Ես վստահ կարող եմ ասել, եթե նա չլիներ, ես այսքան բանի հասած չէի լինի։ Ես 9 տարեկանից սկսած պարբերաբար մասնակցել եմ տարբեր մրցույթների և հիմնականում՝ միջազգային։

Տարբեր պատճառներով Սաթենիկը հնարավորություն չի ունեցել մասնակցելու հեռուստատեսային նախագծերի, այնպես որ «Հայ երգիչ»-ը հիանալի հնարավորություն է տվել այդ բացը լրացնելու համար։

«Իրականում ի սկզբանե մտադրություն չեմ ունեցել մրցույթին մասնակցելու։ Ինձ մայրիկս է համազել, հետո նաև առանց իմ իմացության ինձ հայտագրել է նախագծին։ Ու այդպես մի օր ինձ զանգում են Արմենիա հեռուստաընկերությունից և կանչում լսումներին։ Ես այդ պահին խառնվում եմ իրար, շփոթվում, զանգում եմ, մամայի հետ կռիվ եմ անում (ծիծաղում է – հեղ․), բայց ամեն դեպքում որոշում եմ մասնակցել լսումներին»,- պատմում է երգչուհին։

Սաթենիկը նախագծին պատրաստվելիս ու դրա ամբողջ ընթացքում մշտապես պատրաստ է եղել վատագույն տարբերակին։ Միգուցե՞ այդպես ավելի քիչ կվշտանաս։

«Իրականում չէի պատկերացնում, որ կկարողանամ հասնել եզրափակիչ, նույնիսկ չէի հավատում, որ լսումների փուլը չհաղթահարեմ, քանի որ բացարձակ տրամադրված չէի։ Այդ ընթացքում նաև ձայնի հետ կապված խնդիր ունեի, դեռ ամբողջությամբ չէի բուժվել, դա էլ ավելորդ լարվածություն էր ստեղծում։ Այդ պահին մտածում էի, եթե հաղթահարեմ առաջին փուլը, ուրեմն մինչև վերջ պայքարելու եմ, իսկ եթե չանցնեմ՝ շատ չեմ նեղվի, քանի որ այդ պահին դա իրական չէր թվում»,- անկեղծանում է Սաթենիկը։

Ինչպես խոստովանում է երգչուհին, հուզվածություն, լարվածություն միշտ է եղել, բայց երբեք չի վախեցել, որ այս մի փուլը կարող է իր ահամար վերջինը դառնալ․ «Ամեն փուլի պատրաստվելուց նաև իմ հրաժեշտի, շնորհակալական խոսքն էի պատրաստում, քանի որ հասկանում էի՝ այն կարող է վերջինը լինել ինձ համար»։

Իսկ դե, նախագծի ամենասպասված պահը հաղթողի անունը լսելն էր, մեզնից ոչ-ոք չի հասկանա Սաթենիկի ապրումները, մինչև նրա փոխարեն բեմում չհայտնվի․ «Հեռուստադիտողն էլ նկատած կլիներ, թե ես ինչքան հուզված ու շփոթված էի, չէի հասկանում շուրջս ինչ է կատարվում։ Երբ տոկոսների հարաբերակցությունը հայտնվեց էկրանին, ես մի պահ չհավատացի, անընդհատ հաշվում էի, մտածում՝ մի բան սխալ եմ հասկացել»։

Նախագծում Սաթենիկը Նաիրա Գյուրջինյանի թիմից է եղել, ինչպես խոստովանում է երիտասարդ երգչուհին, նրանից շատ բան է սովորել և ստացել միայն պրոֆեսիոնալ խորհուրդներ․ «Նաիրա Գյուրջինյանից շատ բան եմ սովորել, քանի որ նա շատ պրոֆեսիոնալ մասնագետ է։ Անչափ ուրախ եմ, որ իմ ելույթի ժամանակ միայն նա է կոճակը սեղմել, ու ես ստիպված չեմ եղել ինչ-որ մեկին ընտրել։ Մենք այնքան կարճ ժամանակ ունեինք ինչ-որ բան ստանալու համար՝ ընդամենը երկու շաբաթ նոր երգ ընտրելու, սովորելու և այդ ամենը լավագույնս ներկայացնելու համար։ Եվ Նաիրա Գյուրջինյանն այնքան պրոֆեսիոնալ մասնագետ է, այնքան ճիշտ էր աշխատում մեզ հետ, որ մենք երգը չյուրացնելու տարբերակ չունեինք»։

Խոսելով մյուս մասնակիցների, իրենց հետ աշխատող թիմի ու առհասարակ կազմակերպիչների մասին՝ «Հայ երգչի» հաղթողը նշում է․ «Մեկ անգամ չէ, որ ասել եմ և միշտ ասելու եմ, որ նրանք իմ մեծ ընտանիքն են, որովհետև գարծնական հարաբերություններից զատ, մենք շատ մտերմիկ, ընկերական հարաբերությունների մեջ ենք եղել ամբողջ թիմով։ Շատ շնորհակալ եմ բոլոր-բոլորին, քանի որ միայն իրենց ճանաչելը, նրանց հետ ապրած րոպեները, զգացմունքներն ուղղակի անփոխարինելի են»։

Անդրադառնալով այս հաջողությանը և հետագա պլաններին՝ Սաթենիկը մանրամասնում է․ «Եղել է պահ, որ մտածել եմ նաև այլ մասնագիտություն ձեռք բերելու մասին, բայց կարծում եմ՝ երգը իմն է ու կշարունակեմ երգարվեստում իմ գործունեությունը ծավալել։
Պլանավորում եմ նոր երգեր ձայնագրել, թողարկել։ Շարունակել մասնակցել միջազգային մրցույթների, համերգային նախագծերի։ Այս մրցույթը շատ դռներ բացեց մեզ համար, պարզապես պետք է ճիշտ պահը բաց չթողնել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել