Օրերս պարզ դարձավ, որ եվրոպացիները որոշել են իրենց ավանդը ներդնել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում՝ առաջիկայում Հայաստան գործուղելով զգալի թվով դիտորդներ, որոնց ներկայությունը, ըստ մտահղացման, պետք է որ Ադրբեջանի համար զսպիչ գործոն հանդիսանա՝ կանխելով հնարավոր բախումները: Մասնավորապես՝ ըստ տեղեկությունների՝ խոսք է գնում Հայաստանի ողջ տարածքում 200 հոգանոց խումբ տեղակայելու մասին:

Պետք է արձանագրել, որ ԵՄ այս քայլը, փաստորեն, տեղի է ունենում մի կողմից՝ ագրեսիվացած ադրբեջանական հռետորաբանության, Կարսում Թուրքիայի ու այլ երկրների մասնակցությամբ զորավարժությունների, մյուս կոմղից՝ Հայաստանում թեժացող հակառուսական հռետորաբանության ֆոնին:

Թվում է՝ ԵՄ ժեստը պետք է որ գնահատվի՝ կարևոր ներդրում թուրք-ադրբեջանական տանդեմի զսպման գործում, բայց իրականությունն այն է, որ աշխարհաքաղաքական կենտրոնները տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը մտադիր են առավելապես ծառայեցնել իրենց շահերին, քան երաշխավորել ասենք հայ ազգաբնակչության ֆիզիկական անվտանգությունը: Այն, որ եվրոպացիները որոշել են մեծացնել իրենց դիտորդական առաքելության թվակազմը, վկայում է Արևմուտքի ունեցած լուրջ պլանների մասին՝ տարածաշրջանում ՌԴ-ին լրջագույն մարտահրավեր նետելու՝ փորձելով մխրճվել այնպիսի մի ոլորտ, որտեղ ավանդաբար Արևմուտքի ազդեցությունը թույլ է եղել: Ասել կուզի՝ տարածաշրջանում Մոսկվա-Վաշինգտոն կոնֆրոնտացիան սրվում է, ինչը այսպես թե այնպես մարտահրավեր է դառնալու տարածաշրջանի համար: Մի իրավիճակում, երբ Երևանն ակնհայտորեն որդեգրել է ոչ ռուսանպաստ գիծ՝ անընդհատ Մոսկվային մեղադրելով անարդյունավետության ու նույնիսկ հայադավության համար, Արևմուքի այսօրինակ ակտիվությունը կարող է ծնել Կրեմլի բիրտ հակազդեցությունը, որի հետևանքով վճարողի դերում, ինպես հասկանալի է, հանդես է գալու կրկին Հայաստանը: Այսինքն՝ թեպետ պրահայան փաստաթղթի թիվ մեկ կողմնակիցն Իլհամն է, բայց քանի որ թույլ օղակը տվյալ պարագայում Հայաստանն է, վճարողի դերում հանդես է գալու Հայաստանը՝ յուր որդիներով, յուր արյամբ, յուր տարաքներով:

Ի՞նչ է պետք անել: Հարկավոր է ռեալ գնահատել իրավիճակն ու չսրել Հայաստանում հակառուսական տրամադրություններն ու հռետարոբանությունը, ու թեպետ Արևմուտքն ակտիվանում է, սակայն ճիշտ դիվանագիական աշխատանքի դեպքում Երևանը կարող է մեղմել Մոսկվայի հակազդեցության վատթար հետևանքները՝ ինչ-որ կերպ փաստելով, որ մտադիր չէ խաղալ ռուսների դեմ. պետք է աշխատել արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ուղղությամբ,այլ ոչ թե տարվել մանկամիտ խաղերով,այլ կերպ ասած՝ անել այն, ինչ անում է Իլհամը սեփական երկրի համար՝ խելամտորեն «յոթ մորից կաթ ծծելով»:

Ծծելու հարցում Նիկոլի մոտեցումները, ցավոք, երբեք աչքի չեն ընկել նոու-հաուներով…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել