Lurer.com-ը գրում է.

Փակ սոցհարցումները, որոնք դրված են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության և Կրեմլի ծառայությունների սեղանին, ցույց են տվել, որ պատերազմը վերադառնում է նախկին մակարդակներին և քաղաքացիները պատրաստ են դիմանալ մոբիլիզացիայի հերթական ալիքին:

Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ոչ հրապարակային հետազոտությունների արդյունքները և Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին։

Մոբիլիզացիայի առաջին ալիքը, որը սկսվեց սեպտեմբերի վերջին Ուկրաինայում մի շարք խոշոր պարտություններից հետո, կանխատեսելիորեն նվազեցրեց հասարակության մեջ պատերազմին աջակցությունը` մինչև 34%: Բայց արդեն նոյեմբերին, այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին, որ զորակոչն ավարտված է, ռազմական գործողություններին հավանություն տվողների մասնաբաժինը կրկին բարձրացավ մինչև 80%:

Կրեմլի ներքին հարցումները ցույց են տալիս, որ ռուսները պատրաստ են դիմանալ մոբիլիզացիայի հերթական ալիքին, WSJ-ին ասել է Կրեմլի նախկին պաշտոնյան:

Չնայած 1941 թվականից ի վեր Ռուսաստանի համար առաջին մոբիլիզացիան հարյուր հազարավոր մարդկանց խլեց իրենց ընտանիքներից, իսկ նրանցից շատերը զոհվեցին ռազմաճակատում, պետական քարոզչամեքենան շարունակում է աշխատել՝ ճնշելով հասարակական գիտակցության մեջ նույնիսկ ինքնապահպանման տարրական բնազդը։

«Քարոզչությունը նվազեցնում է պատերազմի ծախսերը», - ասում է Լևադա կենտրոնի տնօրեն Լև Գուդկովը: «Առօրյա մակարդակով այս պահին պատերազմը ոչ մեծ անհանգստություն է առաջացնում, ոչ էլ բողոքի ակցիաներ»։

300,000 մարդկանցից, որոնք ընկել են մոբիլիզացիայի տակ, կեսն արդեն մտել են զորքեր, իսկ մեկ քառորդը՝ մարտական գործողությունների գծում է, դեկտեմբերի վերջին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այնուհետև նա հավանություն է տվել բանակի թվաքանակը ևս 350 հազար մարդով ավելացնելու որոշմանը։ Նմանատիպ հրամանագիր, որը ՌԴ զինված ուժերի թիվը հասցրեց 1,15 միլիոն մարդու, ստորագրվել էր սեպտեմբերյան զորահավաքից մեկ ամիս առաջ, հիշեցնում է «Քաղաքացի։ Բանակ։ Իրավունք»  իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Սերգեյ Կրիվենկոն։

Սցենարը կարող է կրկնվել այս անգամ էլ, կարծում է նա. «Մինչև ամառ համալրման կարիք կլինի, ՊՆ-ն նոր զինվորների կարիք կունենա։ Դրանք պատրաստելու համար կպահանջվի երեքից չորս ամիս»։ Մոբիլիզացիայի նոր ալիքը, ըստ Կրիվենկոյի, կարող է հայտարարվել արդեն հունվարին։

Դրա մասշտաբները, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ կլինեն, քան առաջին ալիքը. մինչև 500,000 մարդ կարող է գնալ ռազմաճակատ, The Times-ին հայտնել են արևմտյան հետախուզության աղբյուրները: Բանակին ավելի շատ կենդանի ուժ կպահանջվի, որպեսզի հրամանատարությունը լայնածավալ հարձակման անցնի, քարոզարշավը կարող է սկսվել ապրիլին, կարծում են նրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել