ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են էներգետիկ հարցեր, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը և Սիրիան։

Էրդողանը Պուտինին հայտնել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու ճանապարհային քարտեզի ձևավորման կոնկրետ քայլերի վրա կենտրոնանալու մասին։

Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության թեմային՝ Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է երկխոսության խթանման նախաձեռնությունների դրական արդյունքները, որոնք դրսևորվել են «հացահատիկային միջանցքի» համաձայնագրով, գերիների փոխանակմամբ և Զապորոժյեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտու ձևավորմամբ։

Նա ընդգծել է, որ խաղաղության և երկխոսության կոչերին պետք է աջակցել ռազմական գործողությունների միակողմանի դադարեցմամբ և տարաձայնությունների արդարացի կարգավորմամբ։

Խոսելով Սիրիայից՝ Էրդողանը նշել է, որ Սիրիայում կոնկրետ արդյունքների համար Բաշար ալ-Ասադի վարչակարգը պետք է կառուցողական դիրքորոշում ընդունի և մի շարք քայլեր իրականացնի քաղաքական մակարդակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել