Mediahub.am-ը գրում է․

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները:

Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը MediaHub-ի հետ զրույցում հայտնեց, որ գյուղում լուրջ խնդիրների չկան։

«Շրջափակման մեջ ենք, բայց ամեն ինչ դեռ նորմալ է։ Բնակիչներ կան, որ Հայաստանում են, Ստեփանակերտում են ու գյուղ վերադառնալ չեն կարողանում։ Խուճապ չկա, հանգիստ է։ Դե, մենք Շուշիի շրջանում ենք, Բերձորին մոտ ենք, նոր ճանապարհը մեր գյուղով է անցնում։ Սպասում ենք այս անորոշ վիճակն ավարտվի»,- ասաց նա։

Գյուղապետը մանրամասնեց, որ հարակից գյուղերում ռուս խաղաղապահներ կան, սակայն իրենց գյուղում, որն ավելի կենտրոնում է, խաղաղապահներ չկան։ 

«Սննդի պաշարի խնդիր էլ չունենք»,- հավաստիացրեց նա։

Հիշեցնենք, որ արդեն մեկ օր է՝ ադրբեջանցի, իբրև թե, բնապահպանները փակել են Լաչինի միջանցքը՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։ Իրավիճակը լարված է. ՀՀ և Արցախի իշխանությունները հայտարարում են, որ Արցախը հումանիտար աղետի շեմին է և միջազգային հանրությունն անհապաղ պետք է քայլեր ձեռնարկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել