Hetq.am-ը գրում է․
2016-ին «Veto Trust»-ը եւ դրա կառավարիչներից Թեդ Թադեւոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել են վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաեւ քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով տան սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են:
2017-ին Խաչատրյանները այս հասցեում նոր տուն են կառուցել, որի բնակելի տարածքը 3126 քմ է, իսկ ընդհանուր անշարժ գույքի մակերեսը՝ 5224 քմ։
Երկհարկանի նոր վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան։
Նկատենք, սակայն, որ տունն անավարտ վիճակում է:
Այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլին տունը վաճառքի հանվեց, մայիսին ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը), որը ղեկավարում է այդ երկրի գլխավոր դատախազը, Խաչատրյանների առանձնատունը բռնագանձելու հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան, հայցը պաշտպանում են ամերիկացի դատախազները։ Ամերիկյան կողմը գտնում է, որ Խաչատրյաններն այս առանձնատունը 2011-ին ձեռք են բերել անօրինական միջոցներով: Խոսքը գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից 2011 թ․ Խաչատրյաններին տրված 22.401.000 դոլարի մասին է, որը հայ ու ամերիկացի իրավապահները համարում են կաշառք (այն ժամանակ Գագիկ Խաչատրյանի գլխավորած ՊԵԿ-ի կողմից բարեհաճ վերաբերմունք ստանալու համար), իսկ Առուստամյանն ու Խաչատրյանները դա անվանում են փոխառություն եւ ոչ ավելին։
Դատախազները Կալիֆոռնիայի Լոս Անջելես շրջանի (Los Angeles County) պաշտոնական գրառումների գրասենյակում գրանցել են տվել ծանուցում այն մասին, որ վաճառքի հանված գույքի վերաբերյալ կա դատական գործ։ Սա նշանակում էր, որ Խաչատրյանները կարող էին վաճառել իրենց տունը, այսինքն՝ այն արգելանքի տակ չէր, սակայն եթե դատարանը որոշեր բավարարել դատախազների հայցն ու բռնագանձել տունը, ապա Խաչատրյաններից տունը ձեռք բերած գնորդը կանգնելու էր փաստի առաջ: