Jfhr.am-ը գրում է.
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգել է երեկ ձերբակալված ակտիվիստ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը՝ մինչև վաղն առավոտյան ժամը 10:00:
Ինչպես մեզ տեղեկացրեց ակտիվիստի շահերը ներկայացնող փաստաբան Լուսինե Սահակյանը, այսօրվա դատական նիստի շրջանակներում Դմիտրի Հարությունյանի փաստաբանները դատարանին միջնորդել են տրամադրել քրեական գործի բոլոր նյութերը: Դատարանը բավարարել է միջնորդությունը, ինչպես նաև նյութեևրի ուսումնասիրման համար ժամանակ հատկացրել մինչև վաղը:
«Եթե հաշվի առնենք, որ քննիչը դեռևս մեղադրանք չառաջադրած, փաստաբաններին քրեական գործով նյութերը չտրամադրած, Դմիտրի Հարությունյանին առանց հարցաքննելու և անհրաժեշտ այլ գործողությունները խափանման միջոցը կիրառելու գործը մտցրել է դատարան, կարող ենք եզրակացնել, որ նման գործելակերպի մեջ կա որոշակի շտապողականություն: Հասկանալով, որ 72 ժամվա մեջ չէին կարող տեղավորել իրենց ապօրինի գործողությունները, փաստորեն արագացված կարգով պահանջում են կալանք կիրառել Դմիտրի Հարությունյանի նկատմամբ», -մեր զրույցում նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը:Այսօր ավելի վաղ տեղի է ունեցել առերեսում, այսպես կոչված, տուժող ոստիկանի և ակտիվիստի միջև:
Անդրադառնալով տեղի ունեցած առերեսմանը, փաստաբանը նշեց, որ թեև ինքը չի մասնակցել, բայց մասնակցող փաստաբանից տեղեկացել է ընթացքի մասին: «Մյուս պաշտպան Արա Զաքարյանից տեղեկացել եմ, որ առերեսումն անցկացվել է ակնհայտ և կոպիտ խախտումներով: Ապօրինաբար հանվել են պաշտպանի հարցերը, իսկ այնուհետև ընդհանրապես սահմանափակվել է պաշտպանի տրվող հարցերի քանակը, ինչի իրավունքը չկար, կարող ենք ասել, որ փաստացի ոչ մի առերեսում էլ տեղի չի ունեցել: Հարցաքննվելուց հետո տուժող ոստիկանին քննիչը հեռացրել է ՁՊՎ-ից, ըստ ամենայնի, որպեսզի վերջինս խորհրդակցի իբրև վկա հանդես եկող մյուս ոստիկանի հետ»: «Դմիտրի Հարությունյանն անհիմն կերպով մեղադրվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մինչդեռ կան բազմաթիվ ապացույցներ, որ նման բան տեղի չի ունեցել: Ընդամենը Արաբկիրի քննչական մարմինն ունի, այսպես կոչված, տուժող ոստիկանի ցուցմունքն ու իբրև վկա հանդես եկող ևս մեկ ոստիկանի վկայությունը: Չեն կարողանում տրամաբանական պատճառահատևեանքային կապի մեջ ներկայացնել դեպքերի ընթացքը, ինչը վկայում է այն մասին, որ բացահայտ ապօրինի կերպով մարդը ենթարկվում է հալածանքի»,- այսօր Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի մոտ ի պաշտպանություն Նախախորհրդարանի անդամ, ռազմական բժիշկ 32-ամյա Դմիտրի Հարությունյանի ակցիայի ժամանակ հայտնեց պահեստազորի գնդապետ, իրավաբան Վարուժան Ավետիսյանը:Նա նաև նշեց, որ Դմիտրի Հարությունյանին առանց փաստաբանների բերել էին դատարան, փաստաբաններին պաշտոնապես չէին հրավիրել: Իսկ դատավորն իր աշխատակցի միջոցով դիմել էր դատարանի առջև բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստներին,կարծես իրենք իրավասու են, որպեսզի վերջիններս փաստաբաններին տեղեկացնեն դատարան ներկայանալու մասին: Դրանից միայն 15 րոպե անց փաստաբանները պաշտոնապես հրավիրվել են դատարան: «Քննիչը պարտավոր էր նախապես տեղեկացնել դատական նիստի ժամն ու տեղը, սակայն անգամ փաստաբանների զանգերին չէր պատասխանում, իսկ հետո ընահնրապես անջատել էր հեռախոսը: Քննիչն անհիմն մեղադրանք առաջադրելուց հետո էլ գործում է ակնհայտ ապօրինի»,- ավելի վաղ մեզ հետ հեռախոսազրույում նշել էր Դմիտրի Հարությունյանի փաստաբան Լուսինե Սահակյանն, ով այդ պահին արդեն ստացել էր հրավերն ու շտապում էր դատարան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էր ենթարկվել , ապա ձերբակալվել ակտիվիստ, Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը: Ակտիվիստի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:«Օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած քաշքշոցների ժամանակ Դմիտրի Հարությունյանը ենթադրաբար հարվածել է մի ոստիկանի, կա այդ ոստիկանի բողոքը, ինչպես նաև մեկ այլ ոստիկանի վկայությունը: Հարուցվել է քրեական գործ 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով»,- ավելի վաղ մեզ պատմել էր Դմիտրի Հարությունյանի գործով առաջին փաստաբան Արմինե Հարությունյանը:
Նշենք, որ ակտիվիստը հրաժարվել է ցուցմունք տալ որպես կասկածյալ. «Ես ինձ բացատրված կասկածանքի հետ համաձայն չեմ, քանի որ երբևէ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն չեմ գործադրել», - նշել է Դ. Հարությունյանը ձերբակալման մասին արձանագրության մեջ:Օգոստոսի 31-ի առավոտյան, 32-ամյա ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանինոստիկանները փորձել են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղից, որտեղ վերջինս իր ընտանիքի հետ գտնվում էր հյուրի կարգավիճակում: Քաղաքացիական համազգեստով ոստիկանները չեն ներկայացել և որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել հաստատելու համար իրենց գործողությունների օրինականությունը, փոխարենը, ամբողջ գիշեր անհանգստացրել են:«Գիշերվա 1-ից մինչև առավոտյան 8-ը 6 անհայտ անձինք փորձ են կատարել ներխուժել մեր ընկերոջ բնակարան, սպառնալիքներ և հայհոյանքներ եմ տրվել իմ, ամուսնուս և մեր 2 տարեկան աղջկա հասցեին: Առավոտյան 5-ի սահմաններում հարձակվող անհայտ անձանցից մեկը փորձ արեց պատուհանից ներս մտենլ մեր մանկահասակ երեխայի սենյակ: սակայն դիմադրության հանդիպեց (ինձ հաջողվեց միանգամից փակել պատուհանը), արդյունքում, սակայն, տուժեց իմ երեխան. Նա վայր ընկավ և նյարդային վիճակում էր ընդհուպ մինչև 10:00:», -երեկ իր տարածած հայտարարության մեջ ոստիկանների գիշերային անօրինական գործողություններից մանրամասներ է ներկայացրել ակտիվիստի կինը՝ Ելենա Կոժեմյակինան:
Ի դեպ նշենք, որ մինչ օրս էլ 2-ամյա փոքրիկը գիշերները դժվարութփյամբ է հանգստանում և դեռևս գնտվում է նյարդային լարված վիճակում: Առավոտյան, երբ ամեն ինչ հանդարտվել է Դմիտրիի կնոջ՝ Ելենա Կոժեմյակինայի պնդմամբ նույն ոստիկաններն արդեն համազգեստով և բերման ենթարկելու համապատասխան որոշմամբ կրկին ներկայացել են Հրաչյա Միրզոյանի տուն և Դմիտրի Հարությունյանին տարել են Երևան քաղաքի ոստիկանության Արաբկիրի բաժին Ոստիկանությունում Դմիտրի Հարությունյանին ծանուցել են այն մասին, որ վերջինս հարուցված ՔՕ 316 հոդվածի հատկանիշներով գտնվում է կասկածյալի կարգավիճակում: Պարզաբանվել է, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած քաշքշոցների ժամանակ Դմիտրի Հարությունյանը ենթադրաբար հարվածել է մի ոստիկանի և կա բողոքը: Փաստաբան Արմինե Հարությունյանի համոզմամբ ակնհայտ շինծու և կեղծ մեղադրանքներ են, քանի որ «այսպես ասած, տուժող ոստիկանի դեմքին անգամ որևէ բիծ, կապտուկ կամ այտուցում չկա»:
Տաթև Վարդապետյան