Արցախի հերոս Առուշանյան Դավիթի ծննդյան օրն է այսօր։ Մոնթեի հետ նույն օրն էին ծնվել ու ինքը միշտ հպարտանում էր այդ փաստով։ Ընկերներին միշտ ասում էր. «Ձեր պես նիսյա-միսյա օր չեմ ծնվել է, Մոնթեի հետ նույն օրն եմ ծնվել»։ Ու Մոնթեի պես էլ սիրեց էս հողը, էս մի բուռ հայրենիքը, մի սրտաչափ Արցախը։ Ու Մոնթեի պես էլ իր երիտասարդ կյանքը դրեց հայրենիքի փրկության զոհասեղանին։

Հայրենիքի ու տարեց մոր միջև Դավոն ընտրեց Հայրենիքը, որովհետև գիտեր, որ իր կորտսի ցավին ծեր մայրը մի կերպ կդիմանա, իսկ հայրենիքի կորստին՝ չէ։ Մայրն արդեն մեկ անգամ կորցրել էր հայրենի Շահումյանը։ Որդու կորտսի հետ չհամակերպված, բայց նրա զոհաբերությունը հասկացող տիկին Լիդան այսօր գոնե մի փոքր մխիթարություն ունի. որդու կյանքի գնով գոնե մի փոքր հայկական մնացած Արցախ կա։

Հայրենիքի ու 4 զավակների միջև Դավոն կրկին ընտրեց Հայրենիքը, որովհետև գիտակցում էր, որ առանց իրեն զավակները կապրեն, բայց ողջ ու թափառական, առանց հայրենիքի ինքը ո՞նց էր նայելու զավակների աչքերի մեջ։ Իր չլինելու արժեքը իր զավակների՝ սեփական հայրենիքում ապրելը պիտի լիներ։ Եվ ինքը համաձայնվեց դրան...
Աստված Դավոյին 3 հնարավորություն տվեց փրկվելու, բայց Դավոն դրանիցի և ոչ մեկից չօգտվեց։ Դավիթը գումարտակի հրամանատարն էր և ի պաշտոնե ինքը կարող էր չուղեկցել այդ վաշտին դեպի Եղնիկներ, բայց այդ վաշտի հրամանատարը չկար։ Իսկ առաջադրանքը չափազանց կարևոր էր, ու Դավոն որոշեց գնալ։ Առաջին ՀՄՄ-ի խոցվելուց հետո նա վիրավորում էր ստացել, ու կարող էր այդ փաստն օգտագործելով տեղափոխվեր հոսպիտալ ու մինչև պատերազմի ավարտը մնար այնտեղ, բայց չարեց։ Վիրավոր ժամկետայիններին ուղարկեց հոսպիտալ, իսկ ինքը նստեց երկրորդ ՀՄՄ-ն ու շարունակեց մարտը։ Երկրորդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո նա կարող է նահանջով ետ վերադառնալ, ու ոչ ոք նրան չէր մեղադրի փախուստի մեջ, բայց չարեց։ Նստեց երրորդ ՀՄՄ-ն ու դրանով էլ մարտը վարելով մխրճվեց թշնամու БТР-ի մեջ ու սեփական կյանքի գնով կանխեց նրանց առաջխաղացումը։
Մարտական ընկերներն ասում են, որ անգամ, եթե ինքը ողջ մնար Արեգասարում, միևնույնն է, ինքն այս պատերազմից ողջ չէր վերադառնա։ Չփախնող տեսակ էր, անվախ տեսակ էր, հայրենասեր տեսակ էր, ու զոհերի գերակշիռ մասը հենց նման տղերքը եղան։ Զոհ դարձան իրենց հայրենասիրությանը, իրենց տղամարդկությանը, իրենց տված երդմանը...

Երկար կարելի է պատմել ու խոսել Առուշանյան Դավիթի տեսակի մասին, բայց միևնույնն է, էլի քիչ կլինի։ Իրեն ու իր տեսակին ոչ թե առիթից առիթ, այլ ամեն օր պետք է հիշել։ Իրենք են այս ազգի պատմությունը կերտողները, իրենց սխրանքներն են ապրեցնում այս ազգին։
Երկնային ծնունդդ շնորհավոր, պարոն մայոր։ Ծնունդդ շնորհավոր, Արցախի հերոս...

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել