Վերջերս շատ հաճախ բողոքներ էի լսում Նոր Խարբերդի ամառանոցների բնակիչներից առ այն, որ տարածքում գործող տաքսի ծառայությունները հրաժարվում են սպասարկել վերոնշյալ տարածքի բնակիչներին` պատճառաբանելով ճանապարհային վատ պայմանները: Ի դեպ, Խարբերդի ամառանացնորը պատկանում են Երևանի Շենգավիթ համայնքին: Իսկ որոշ ժամանակ առաջ ինքս բախվեցի այդ խնդրին: Փորձում էի հարազատներիս ճանապարհել տուն: Այնթապ համայնքից` Խարբերդի ամառանոցներ: 21:00-ի սահմաններն էր, ճանապարհին մեզ անընդհատ պատահում էին հիմնականում "Խարբերդ", "Այնթապ" և "Տարոն" տաքսի ծառայությունների մեքենաներ, որոնք երթևեկում էին` հաշվիչներին "կանաչ" լույսերով: Փորձեցինք կանգնեցնել, բոլորն էլ անմիջապես կանգնում էին, այնուհետև, երբ պարզում էին, թե ուր պիտի գնան, անմիջապես հեռանում էին, և այդպես մոտ տասը մեքենաներ` չհաշված քաղաքից ուղևորներ բերած այն մի քանի տաքսիները, որոնք նույնպես հրաժարվեցին:
Ժամանակի ընթացքում ամառանոցաբնակ տաքսիներից մերժվածների թիվը հասավ մոտ տասներկու մարդու, ոմանք` փոքր երեխաների հետ: Ստիպված էինք դիմել մեր ընկերոջ օգնությանը, ով քաղաքից եկավ և կազմակերպեց մեր տեղափոխությունը: Իսկ թե ինչպես դասավորվեց մնացածների ճակատագիրը, այդպես էլ չիմացա: Ինչևիցե, այնուհետև գտա նշված տաքսի ծառայությունների հեռախոսահամարները, որոնք սպասարկում են հիմնականում Նորագավիթ, Այնթապ և Նոր Խարբերդ (նաև ամառանոցներ) համայնքներին, այն է` "Խարբերդ", "Այնթապ" և "Տարոն" տաքսի ծառայություններ: Զանգերիս պատասխանեցին հեռախոսավարուհիներն ու միաբերան բարբառեցին, որ նման խտրականություն գոյություն չունի, որ ճանապարհներն իրականում լավ էլ անցանելի են, և իրենք սպասարկում են բոլոր բնակիչներին` առանց բացառության: Երբ ես նրանց պատմեցի մեր արկածային գիշերվա մասին, բոլորն էլ պնդում էին, որ նման բան հնարավոր չէ, որ նման դեպքերում պետք է զանգահարել իրենց գրասենյակից անմիջապես պատվիրել և այլն, և այլն: Այժմ հարց.
Ի՞նչ անի գիշերվա կեսում հայտնված քաղաքացին, ով չունի բջջային հեռախոս, կամ համապատասխան գումար հաշվին, կամ պարզապես չգիտի տաքսի ծառայությունների հեռախոսահամարները:
Եվ մյուս հարցն էլ պատկան մարմիններին, եթե այդպիսիք դեռ մնացել են.
Ո՞վ պիտի պաշտպանի քաղաքացիների շահերը: Վերջիվերջո տաքսին տրանսպորտային միջո՞ց է, թե՞ ինչ-որ մեկի ժառանգությունն ու բացառիկ սեփականությունը: Ինչպիսի՞ հարաբերություններ պիտի լինեն տաքսու վարորդների և ուղևորների միջև` ծառայություն մատուցող և ծառայությունից օգտվո՞ղ, թե՞ տեր ու ծառա, և ո՞վ ու ինչպես պիտի վերահսկի այդ ամենը: Եվ եթե նշված տաքսի ծառայությունները չեն կարողանում իրականացնել իրենց վրա դրված պարտականություններն ըստ պատշաճի, ինչո՞ւ չեն ենթարկվում տույժի, կամ զրկվում լիցենզիայից:
Դե իսկ քաղաքապետարանին էլ մի հուշում. փոխանակ Արշակունյաց և Իսակովի պողոտաների նորմալ ասֆալտը քանդելուն ու նորը փռելուն` զբաղվեք Նոր Խարբերդի ամառանոցների ճանապարհների նորոգմամբ: Կարծում եմ, որ սա էլ կլինի հարցի մեկ այլ լուծում, թերևս լավագույն լուծումը: