Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 15-ին, ժամը 20.07-ին, հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Գարեգին Նժդեհի հուշարձանին արաբերեն գրություններ են գրել:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Խաչքարերի պուրակի Գարեգին Նժդեհի արձանի և Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող արգենտինացի գեներալ Մանուել Բելգրանոյի արձանի տապանաքարերին պարսկերեն բառեր են գրված:
Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել են 29-ամյա և 39-ամյա երկու տղամարդ:
Նոյեմբերի 18-ին Ջուլհակյան փողոցում նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երեւանում վանդալիզմի է ենթարկվել հայ պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի, ինչպես նաեւ արգենտինացի գեներալ Մանուել Բելգրանոյի արձանները: Դրանց պատվանդանների վրա ներկով պարսկերեն գրառումներ էին արվել՝ «Մահ Խամենեին»: Այս առնչությամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ։