MediaHub-ի տեղեկություններով՝ Պեմզաշենում դաժան սպանության գործով անցնող եւ իր մեղավորությունը չընդունող Արկադի Բարսեղյանի վարած մեքենայում արյան հետքեր են հայտնաբերվել։ Այս պահին իրավապահ մարմինները սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին՝ հասկանալու համար, հետքերը համընկնում են ընտանիքի սպանված անդամների ԴՆԹ հետ, թե ոչ։
Պեմզաշենում մոր եւ նրա երկու անչափահաս երեխաների սպանության գործով 2 անձ է կալանավորվել։ Ենթադրյալ հանցագործներից մեկը՝ Վրույր Բարսեղյանը խոստովանական ցուցմունքում նշել է, որ իր հետ է եղել «Տիխ» մականունով Արկադի Բարսեղյանը, որը վերջինիս հորեղբոր որդին է։
Արկադի Բարսեղյանը չի ընդունում իր մեղավորությունը՝ նշելով, որ այդ օրը, այդ ժամին գտնվել է այլ վայրում։ MediaHub-ի տեղեկություններով՝ Զարինեին՝ երեխաների մորը, սուր կտրող ծակող գործիքով մահացու վնասվածքներ հասցնելուց հետո ենթադրյալ հանցագործները երեխաներից հետաքրքրվել են՝ ճանաչու՞մ են իրենց, դեմքով գիտե՞ն, որ իրենց տան տեղը հարցնեն՝ կիմանա՞ն, երեխաները պատասխանել են՝ այո, որից հետո Զարինեի սպանության հետքերը վերացնելու համար՝ սպանել են նաեւ երեխաներին։ Մենք ողբերգական սպանության օրը հայտնել էինք, որ Մելիքսեթյանների տան եւ՛ դուռը, եւ՛ պատուհանները վնասված չէին, ինչը վկայում էր այն մասին, որ տան վրա ավազակային հարձակում չէր եղել։
MediaHub-ի տեղեկություններով՝ հանցագործները տուն են մտել այն ժամանակ, երբ կեսգիշերին Զարինեն լվացք փռելիս է եղել։ Ըստ նախնական վարկածների՝ ընտանիքի սպանության մեջ կասկածվողները տուն են ներխուժել՝ գողության նպատակով։
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ենթադրյալ մարդասպաններից Վրույր Բարսեղյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, այս հիմքով ազատվել է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական տանը գտել էին 31-ամյա բնակչուհու և վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։