Դիտարկումները ցույց են տալիս, որ նորածինների սեռերի անհամամասնությունը, որն արտահայտված է աշխարհի տարբեր երկրներում, առկա է նաև Հայաստանում:
ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում անցկացվել է հետազոտություն «Սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով՝ պարզելու այս խնդրի խորացվածության աստիճանը մեր երկրում:
Նախածննդյան փուլում սեռի ընտրությունը համեմատաբար նոր երևույթ է, որ գտնվում է կոնկրետ սեռին նախապատվություն տալու հին ավանդույթի և արդիական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների հատման տիրույթում։ Երբ երևույթը դիտարկվում է չափազանց տարբեր մշակութային, քաղաքական և սոցիալական հատկանիշներով բնորոշվող տարածաշրջանային միջավայրերում, ակներև է դառնում, որ ապագա երեխայի սեռի ընտրությունն ամենուրեք հիմնված է միևնույն հատկորոշիչների՝ արու զավակ ունենալու շեշտակի նախապատվության, ընտանիքի միջին կազմի կտրուկ փոքրացման և ժամանակակից վերարտադրողական տեխնոլոգիաների հեշտ հասանելիության վրա։ Այս երեք գործոնները հանդես են գալիս որպես արական սեռի երեխաների ծննդյան ավելացմանը նպաստող նախապայմաններ։ Դրանք, իրենց հերթին, պայմանավորված են բազմաթիվ այլ սոցիալական, ժողովրդագրական, մարդաբանական և տնտեսական գործոններով։ Սեռի ընտրության երեք նախապայմաններն, ըստ ամենայնի, առկա են Հայաստանում։
Հետազոտության արդյունքում ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջին երեխայի պարագայում տղա/աղջիկ հարաբերակցության գործակիցը կազմել է 104-107, ինչը համապատասխանում է կենսաբանորեն սահմանված միջին վիճակագրական ցուցանիշին (102-106) և վկայում է այն մասին, որ սեռի կանխորոշում և ընտրովի աբորտ 1-ին երեխայի դեպքում Հայաստանում գրեթե չկա, ինչը մեծ խնդիր է շատ այլ երկրներում, օրինակ` Չինաստանում կամ Հնդկաստանում: Սկսած 2-րդ երեխայից առկա է ցուցանիշի բարձրացման միտում (108 – 113): Սակայն իրավիճակը մտահոգիչ է 3-րդ և 4-րդ երեխաների դեպքում, երբ տվյալ ցուցանիշը կազմել է 160 և 170` հիմք տալով ենթադրելու, որ հնարավոր է, որ այդ ժամանակ սեռերի ցանկալի կարգավորումն իրականացվում է հղիության արհեստական ընդհատմամբ, ինչը, բնականաբար, պոտենցիալ վտանգ է պարունակում հետագայում ժողովրդագրական անհավասարակշռության առաջացման տեսանկյունից:
Հանրապետության տնային տնտեսություններից պատահականության սկզբունքով ընտրված երբևէ հղիացած 15-49 տարեկան կանանց շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ եթե առաջին և երկրորդ հղիությունները հիմնականում ավարտվել էին ծննդաբերությամբ` կենդանի պտղով (համապատասխանաբար 95,2 և 88,1%), ապա 5-րդ և 6-րդ հղիությունների դեպքում ծննդաբերությունների թիվը կրճատվել է շուրջ 5 անգամ (համապատասխանաբար 20,6 և 16,8%): Հղիության արհեստական ընդհատումների առումով արձանագրվել է աբորտների հաճախականության մեծացում հղիությունների կարգի բարձրացմանը զուգահեռ: Եթե առաջին և երկրորդ հղիությունների դեպքում այն կազմել է համապատասխանաբար 0.3% և 5.6%, ապա 5-րդ և 6-րդ հղիությունների դեպքում աբորտով են ավարտվել հղիությունների համապատասխանաբար 73.3% և 81.4 %-ը:
Հատուկ ուշադրության է արժանի սեռի նախապատվության ուսումնասիրությունը: Դատելով ստացված տվյալներից՝ անկախ հղիության կարգից, նույնիսկ առաջին հղիության դեպքում, մոտ 2.7 անգամ ավելի մեծ էր տղա երեխա ցանկացող կանանց թիվը աղջիկների համեմատությամբ (համապատասխանաբար 41.4 % և 15.5%), իսկ չեզոքություն էր արտահայտել երեխայի սեռի հանդեպ յուրաքանչյուր 2-րդ հարցված (43.1%):
ՀՀ առողջապահության նախարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն այս խնդրում իսկապես վտանգ է տեսնում և նշում է, որ ընտանիքները պետք է գիտակցեն, որ երեխան երեխա է՝ լինի աղջիկ, թե տղա, և չպետք է գնալ նման ծայրահեղ քայլերի:
Ըստ Ավագյանի` աշխարհում տարեկան 80 հազար կին մահանում է հղիության արհեստական ընդհատումից, ևս 300 հազարը հաշմանդամություն ձեռք բերում: Հայաստանում, բարեբախտաբար, մահեր չունենք: Մեզ մոտ տարեկան գրանցվում է շուրջ 45 հազար ծնունդ, պաշտոնական տվյալների համաձայն ` շուրջ 7 հազար աբորտ: Մեր երկրում տարեկան 7 հազար կին աբորտ է անում, 4 հազար կնոջ մոտ էլ հղիության ինքնաբեր վիժումներ են լինում, որոնց թվին են պատկանում տան պայմաններում կատարած ինքնաաբորտները:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ BlogNews-ում հետայսու հրապարակվելիք այս հոդվածաշարի նպատակը սեռով պայմանավորված աբորտների խնդիրը բազմակողմանի ներկայացնելն ու համախմբված ուժերով դրա դեմ պայքարի ուղիներ գտնելն է: Թեմայի շուրջ կարող եք ազատորեն կիսվել ձեր տեսակետներով ու օգնել խնդրին հնչեղություն տալուն: