
Այսօր նոր ուսումնական տարվա սկզբի հետ ուսանողության կազմակերպած բողքի ակցիայի մասին լրատվություն աչքի անցկացնելիս չերևաց ՀՀԿ անզուգական տատին... Դժվար է հավատալ` առաջին դասարանցի թոռնիկ ունի ու բաց է թողել հերթական անգամ մի քանի կոպեկ աշխատելու պահը, թե՞ պատվիրատուները հարմար չեն նկատել իրեն մեջտեղ բերել, որովհետև «թամաշայի» թեման էդքան էլ առանձնահատուկ չէր, դժվար է ասել: Մի քիչ անհավատալի է, որ վերջապես հասկացել են, որ չի կարելի խաղալ մարդկային չքավորության ու կարիքավորության վրա, և ամոթ է ու անբարո տարիքով կնոջը մի քանի կոպեկով դարձնել հանրային ծափ ու ծիծաղի առարկա: Թեև մեծ հաշվով բոլորս` ողջ հայաստանյան հասարակությունն է ՀՀԿ տատիկ դարձել այսօրվա իրականության մեջ ու դարձել է արդեն երևի մի քսան տարի, այն օրվանից սկսած, երբ առաջին անգամ մի քանի դրամով վաճառեց իր ձայնը ու ստրկացրեց իրեն: Սա է իրականությունը, ի՞նչ արած, պիտի համակերպվել ու ապրել սեփական արարքի հետևանքները վայելելով. չէ՞ որ ընդամենը հաշված ամիսներ առաջ մենք դարձանք ՀՀԿ տատիկ` 10, 15 կամ 20 հազար դրամով մեր ձայնը վաճառելով, մեզ կամավոր ստրկության դատապարտելով... Թեև ի՞նչ արած, ապրել էր պետք, օրվա հացի խնդիր կար...



