Երեկոյան ժամը 8-ին, երբ գալիս են երաժիշտները, երջանիկ շտապողականությամբ, վերցնելով իր պայուսակը, նոթատետրը և հմայիչ ժպիտը, Միշելը հեռանում է: Նա վերջերս նկատել է, որ տարօրինակ զուգադիպությամբ իրեն ավելի երջանիկ է զգում հեռանալիս: Միշելը սովորական հայ աղջիկ է` երկար գանգուր մազերով, ցորենագույն մաշկով և դեղին շրջազգեստով: Փոքր ժամանակ, երբ ամենամեծ սերը դեռ ամպի չափ էր, Միշելի հայրը նրան տանում է սար: Ճանապարհին, երբ անցնելիս են լինում մի գեղեցիկ մարգագետնով, որտեղ կանաչ փափուկ խոտերի միջից ձգվող հազարավոր դեղին ծաղիկները պսպղում էին արևի փայլից, Միշելի հայրը բռնում է ձեռքից ու պտտացնում նրան: Միշելը պտտվում է, ու նրա շեկ գանգուրիկներն ու դեղին շրջազգեստի փեշերը պտտվում են միասին ու պսպղում արևի փայլից: Նա աչքերը կկոցած, ծիծաղելով ու շնչակտուր նայում է երկնքին, իսկ հայրը, կարծես երկնքից կախված, ասում է նրան.

 -Միշել, դու աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկն ես, որը երբեք չի թառամի, որովհետև յուրաքանչյուր վայրկյանը քո ծաղկման պահն է:

  Հիմա հայրիկը չկա. երկնքում է: Բայց նրա խոսքերը կան և պտտվում են Միշելի գլխում` ինչպես մի ինքնագլոր անիվ, որն անընդհատ գլորվում է և իր վրա փաթաթում հիշողության անսահման թելը, որի վրա սակայն մի պատմություն է հյուսված`մի մարգագետնի պատմություն: Միշելը մատուցողուհի է...

  Անցյալ տարի` առավոտյան ժամը 10.15, լսարան մտավ դեկանատի աշխատակիցը: Նա կարդաց երեք անուն և ասաց, որ նրանք այլևս ուսանող չեն, քանի որ չեն վճարել ուսման վճարը: Այդ օրվանից Միշելը դադարեց հոգևոր սնունդ ստանալ համալսարանում և սկսեց իրական սնունդ մատուցել քաղաքի սրճարաններից մեկում: Եվ այդ նույն օրվանից, հաղթահարելու համար իր ներքին տանջանքները, ննջասենյակի պատին` ուղիղ անկողնու դիմաց, նա մեծ տառերով գրեց գրքերից մեկում կարդացած այս բառերը. «Ես հիմա անում եմ այն, ինչ պետք է անեմ, որ մի օր անեմ այն, ինչ ցանկանում եմ անել»: Միշելը ուժեղ աղջիկ է:

  Բայց ի՞նչ է ուժեղ լինելը. անել այն, ինչ հակադիր է քո ցանկությանը, հուսալով, որ դա անում ես ավելի լավ կյանքի համար: Այդ դեպքում մարդկանց մեծ մասն ուժեղ է: Կամ միգուցե սիրել այն, ինչ ստիպված ես անել: Ուրեմն ստրուկն էլ պետք է սիրի իր ստրկությո՞ւնը: Թե՞, պարզապես անել այն, ինչ սիրում ես: Բայց չէ՞ որ Միշելը սիրում էր գնալ համալսարան, սովորել, իսկ հիմա չի գնում:

  «Ժպտա՛, Միշել, ժպտա՛»,- անդադար կրկնում է սրճարանի տնօրենը: Ու Միշելը ժպտում է անդադար, ժպտում ջանասիրաբար, անմնացորդ: Նա ժպտում է բոլորին` կանանց, տղամարդկանց, երեխաներին, տնօրենին, մոխրամանին: Եվ նրա ամեն մի ժպիտը մի հաճախորդ արժե, մի շիշ ավել գարեջուր ու բազմաթիվ փոխադարձ ժպիտներ` շնորհակալ, բազմիմաստ:

  Հաճախ ամենաթեժ պահին, երբ հաճախորդները շատ են լինում, Միշելը գնում է զուգարան, փակում դուռը ու սկսում չժպտալ` չժպտալ այնքան հաճույքով, այնքան գեղեցիկ, և դեմքի լարված մկանները թուլանում են ու թուլանալով ցավում: Առաջին անգամ նա այստեղ հասկացավ, որ ժպիտն էլ կարող է ցավ պատճառել:

  Ամենածանր պահերին, ուր էլ որ լինի, Միշելը փակում է աչքերը և սկսում պտտվել: Եվ ամեն մի պտույտի հետ ժամանակի սկավառակը պտտվում է հետ ու նրան տանում իր մանկության այն օրը, երբ մարգագետնի դեղին ծաղիկների հետ նա շողում էր արևի ջերմ ճառագայթների փայլից, և որտեղ հնչում էին հոր կախարդական խոսքերը: Ու նա անմիջապես ուրախանում է, ոգեշնչվում և հիշում, որ ինքը երբեք չի կարող թառամել: Ժամանակին ասված հոր խոսքերը միշտ կարող են արևի պես ջերմացնել յուրաքանչյուր աղջկա հոգին:

  Սրճարանում Միշելը ապրում է երկու կյանքով: Մի կյանքում նա կատարում է իր աշխատանքը` ընդունում է պատվերները, մատուցում, փոխում մոխրամանները, տանում հաշիվը, ժպտում հաճախորդներին: Իսկ մյուս կյանքում Միշելը մտովի մատուցողուհուց վերածվում է հաճախորդի: Նա միանում է դաշնամուրի կողքի սեղանին նստած աղջիկներին, զրուցում նրանց հետ, ծիծաղում, խոսում հարևան սեղանի տղաներից, իրենց իրական և երևակայական երկրպագուներից, դերասանների ամուսնալուծություններից, քննարկում խանութների զեղչերի, նորաձևության ու նման անհոգ տխմարությունների մասին բազմաթիվ հարցեր: Հետո նստում է ծեր ամուսինների կողքին, ովքեր դեռ խոսելիք ունեն, հարցուփորձ անում նրանց կյանքի մասին և լսում նրանց խորհուրդները` գեղեցիկ, չմաշված: Երբեմն միանում է ուսանողուհիների, ովքեր եկել են ընդմիջում անելու: Նրանց հետ արագորեն ուտում է, միաժամանակ խոսում քննությունների, հարցաշարերի, գրքերի և այլ բաների մասին: Իսկ վերջում սեղանին են թափում ունեցած կոպեկները, յուրաքանչյուրը վերցնում է իր ճանապարհի ծախսը, իսկ մնացած գումարով վճարում են հաշիվը և հեռանում: Պատահում է, որ Միշելը կանչում է սրճարանի տնօրենին, բողոքում ուտելիքի համից և գովում է մատուցողներին: Լինում է նաև, որ Միշելին սպասարկում է դեղին շրջազգեստով ինչ որ մի աղջիկ…

  Եվ քանի դեռ Միշելը վայելում է իր երևակայական կյանքը, նրա մարմինը դժկամորեն թափառում է սրճարանի սեղանների արանքում, ընդունում պատվերները, փոխում մոխրամանները, լսում տնօրենի չդադարող բառաչը ժպտալու մասին: Բայց նրա շուրթերը ժպտում են իրական, անկեղծ ժպիտով` իբրև մի շող, ուղարկված անսահման երևակայությունից դեպի սահմանափակ իրականություն: Եվ այս ժպիտը ապտակ է` ուղղված գարշելի կյանքին, դեկանատի աշխատակցին, իր ուսանողությունը գողացած նողկալի կարգերին, սրճարանի տնօրենին, ոտնաթաթերի ցավին, պարտադրված ժպիտներին: Սա հաղթանակ է` վանդակում փակված թռչունի հաղթանակը վանդակի նկատմամբ:

   Ջայլամի դեմքով տիկինը կանչում է Միշելին: Նա մոտենում է, ընդունում պատվերը: Կնոջ վրայից անուշորեն բուրում է թանկարժեք օծանելիքը: Նա ծխում է այնպիսի նազանքով, որ նույնիսկ ծխախոտի ծուխն է օդ բարձրանում առանձնահատուկ նազանքով: Նրա մեջ ինչ-որ անմատչելի ազնվականություն կա, ինչ-որ թովիչ սառնություն: Միշելին դա դուր է գալիս: Նա մոտենում է հարևան սեղանի աղջիկներին: Սպասում է նրանց պատվերներին: Մեկ, երկու, երեք րոպե… Աղջիկների բացուխուփ արվող բերաններն ինչ-որ ձայներ են արձակում, որն առաջին հայացքից հիշեցնում է մարդկային հոդաբաշխ խոսք: Բայց նրանում իսպառ բացակայում է բանականության ձայնը: Միշելը սպասում է: Ոտքերը ցավում են: Վերջապես, աղջիկները բոլորով պատվիրում են նույն բանը ու խնդրում փոխել մոխրամանը: Պատուհանի կողքին տղաներ են նստած: Նրանցից մեկի աչքերն արդեն վաղուց թափառում են Միշելի մարմնի վրայով: Թավ, ոչ մի տեղ չընդատվող հոնքերի արանքից դուրս պրծած նրա քիթը կարծես մարտահրավեր է նետում ողջ աշխարհին: Միշելը մոտենում է նրանց: Մի քանի շիշ գարեջուր, վիսկի, ջին ու էլի մի քանի խառը բաներ: Պատկառելի քթով տղան պահը չի կորցնում.

  - Ազիզ, բա էսօր իրիգուն ի՞նչ ես անում…

 Միշելը լուռ հեռանում է: Նրանք բարձր ծիծաղում են: Նրանց ծիծաղը նման է առյուծների որսը փախցրած բորենիների զվարթ գռմռոցներին: Ջայլամի դեմքով տիկինը կանչում է Միշելին, խնդրում փոխել  պատվերը ու մոխրամանը: Սրճարանի տնօրենը զրուցում է պատուհանի կողքի տղաների հետ ու նայում Միշելին, ժպտում: Իսկ հետո մոտենում է նրան.

  - Միշել, նրանց լավ նայի՛ր, գիտե՞ս, թե ինչքան հաշիվ են փակելու:
  Միշելը նրանց լավ է նայում: Միշելը բոլորին է լավ նայում: Միշելի աշխատանքը բոլորին լավ նայելն է: Նա վազում է այս ու այն կողմ: Հաճախորդները գոհ են, ոտնաթաթերը` դժգոհ: Նրանք ուզում են Միշելին թողնել ու փախչել, բայց հոգնել են, չեն կարող: Պատկառելի քթով տղան գրգռված բիզոնի հայացքով նայում է Միշելին: Ջայլամի դեմքով տիկինը նայում է Միշելին: Անհոդաբաշխ աղջիկները նայում են Միշելին: Տնօրենը նայում է Միշելին: Ու բոլորը պահանջում են փոխել մոխրամանները, բերել գարեջուրները, ստանալ հաշիվները, և այս ամենը շատ արագ, և այս ամենը ժպտալով, ժպտալո՛վ գրողը տանի, ժպտալո՛վ: Ժամը ութն է` Միշելի գնալու ժամը:  

  Սաքսոֆոնի մեղմ հնչյունները տարածվում են սրճարանով մեկ: Ծխախոտի ծուխը, թաթախված ալկոհոլի հոտով, դանդա՜ղ լողում է սրճարանի գոլ օդի մեջ: Լույսի թույլ շողերի մեջ նշմարվում է Միշելի նուրբ ուրվապատկերը: Սկուտեղը ձեռքին` մերթ այստեղ, մերթ այնտեղ, նա քայլում է այնքան թեթև, այնքան սիրուն: Սաքսոֆոնը հնչում է ավելի թունդ, ավելի կրքոտ: Սրճարանի կիսամութի մեջ պայծառ շողում են կանանց նուրբ ժպիտներն ու տղամարդկանց սևեռուն աչքերը: Միշել այստեղ, Միշել այնտեղ: Սրճարանի օդը Միշելով է ներծծվում: Բոլորի աչքերը լքված քաղաքի թրթռացող լապտերների պես նայում են Միշելին ու պահանջում` պարի՛ր Միշել, պարի՛ր մեզ համար: Ու սաքսոֆոնի բամբ ձայնը պատռում է սրճարանի կիսամերկ լռությունը, և Միշելը դանդաղ, թովիչ սկսում է պարել: «Ժպտա՛, Միշել, ժպտա՛» հնչում են պատվիրան դարձած խոսքերը, ու նա ժպտում է: Բոլորը արբում են, ծխում, ծիծաղում խելահեղ ձայներով, պահանջում նորից, ավելի շատ, ավելի կրքոտ: Ու Միշելը պարում է, ժպտում, և աչքերից թափվող արցունքները հոսում են նրա ժպտացող շուրթերի վրայով: Նա ուզում է փախչել, բայց չի կարող: Նա պարում է սեղանին կանգնած, նրա ոտքերը սերտաճել են սեղանին, դարձել նրա մի մասը: Նա ուզում է վազել, բայց չի կարող, նա դարձել է սրճարանի մի մասը: Նա փակում է աչքերը և փորձում պտտվել, ինչպես միշտ, իր կախարդական պտույտի պես: Բայց ոտքերը ցավում են, և ոտքերի ու սեղանի արանքից սկսում է արյուն ծորալ: Ու պայթում է սաքսոֆոնի խելահեղ ձայնը: Տղամարդիկ, լեզուները դուրս գցած, գոռում են` «պարի՛ր, Միշել, պարի՛ր», իսկ կանայք ծիծաղում բարձր, ծիծաղում են ու ծխում, ծխում անդադար: Ու հանկարծ տղամարդիկ, գլուխները դողալով, սկսում են փսխել: Օրգանիզմում թթված անպետք սնունդի պես` նրանք փսխում են սեփական ուղեղները: Նրանց ուղեղները թափվում են գետնին: Նրանք ինչ-որ բան են փնտրում, բայց նրանց աչքերը դարձել են թափանցիկ ու ոչինչ չեն տեսնում: Ու կանայք սկսում են ավելի բարձր ծիծաղել` նայելով նրանց: Եվ հետո կանայք են փսխում: Նրանք փսխում են սեփական արգանդները: Եվ գետնին թափվելով` նրանց արգանդները փշրվում են և մոխրանում ծխախոտի նման: Ու արտասվում են կանայք, բայց նրանց արցունքները ծուխ են դառնում և օդի մեջ գալարվելով անհետանում: Տղամարդիկ թափանցիկ աչքերով ինչ-որ բան են փնտրում, իսկ կանայք արտասվում ծխե արցունքներով: Երկուսն էլ ինչ-որ կարևոր բան են կորցրել: Զարթուցիչը զնգում է:

 

  Կիսամերկ, հայելու դիմաց կանգնած, Միշելը երկար մտածում է.

  - Ես ծերանում եմ, Վահե:

  Վահեն Միշելի ընկերն է: Նրանք հանդիպել են լրիվ պատահաբար: Մի անգամ համալսարանի դուռը բացվում է, ու մի աղջիկ արտասվելով դուրս է վազում: Պատահաբար, այդ նույն ժամին Վահեն գալիս է դասի: Բացվող դռան արանքում նրանք բախվում են իրար, կրկին պատահաբար: Կես ժամ անց (պատմության այս մասը մեզ համար դեռ անհայտ է) Միշելն ու Վահեն մոտակա այգու ծառուղով քայլում են: Երեք ամիս անց Վահեն տեղափոխվում է Միշելի տուն: Նրանք ապրում են միասին, քնում և արթնանում միասին, ուտում միասին, բայց մի պայմանով` սիրահարվել չկա: Պատահաբար, Վահեն սիրահարվում է:  

   Կիսամերկ, հայելու դիմաց կանգնած, Միշելը երկար մտածում է.

   -Ես ծերանում եմ, Վահե:

   Նա մոտենում է Միշելին, գրկում նրան թիկունքից, ձեռքերը սեղմում նրա ձեռքերին ու ասում.

   -Միշե՛լ, դու երբեք չես ծերանա, որովհետև յուրաքանչյուր վայրկյանը քո ծննդյան պահն է:

 

   Կարծես մի ակնթարթում կյանքն իր հերթական խաղաքարտն է բացում Միշելի առջև. փոքր ժամանակ Միշելի հայրը պիտի տանի նրան սար, ճանապարհին պիտի նրան ասի իր կախարդական խոսքերը, տարիներ անց հայրը պիտի մահանա, մայրը պիտի լքի Միշելին, նա պիտի մեծանա մանկատանը, պիտի դուրս գա մանկատնից և ընդունվի համալսարան, նրան պիտի հեռացնեն համալսարանից վարձը չմուծելու համար, Միշելը պիտի սրճարանում մատուցողուհի աշխատի, պիտի սիրահարվի Վահեին, բայց պիտի չխոստովանի նույնիսկ ինքն իրեն` վախենալով, որ իր սիրելի բոլոր մարդիկ միևնույնն է մի օր հեռանում են իրենից, պիտի մտածի, որ ինքն արդեն ծերանում է, պիտի ասի Վահեին այդ մասին, նա պիտի մոտենա իրեն, գրկի և ասի, որ ինքը չի ծերանա, քանզի յուրաքանչյուր վայրկյանը նրա ծննդյան պահն է, և Միշելի հիշողության ինքնագլոր անիվը մի պահ պիտի կանգ առնի, որ իր վրա հյուսի արդեն մեկ այլ պատմություն, որն ամփոփված է ընդամենը մեկ նախադասության մեջ, ինչպես նրա անցյալը: Երևի միշտ էլ այդպես է, և բոլորիս կյանքն էլ ամփոփված է ընդամենը մեկ կամ երկու նախադասության մեջ: Մենք կարող ենք բազում գրքեր գրել ու կարդալ, բայց այդպես էլ չգտնել այդ մի նախադասությունը: Միշելը երջանիկ է, որովհետև նա գիտի այն, ինչ իրեն պետք է իմանալ` երջանիկ լինելու համար:  

  Հինգ հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր քսան դրամ: Սա Միշելի մեկ տարվա աշխատանքի արդյունքն է: Նա կարող է վճարել մեկ տարվա ուսման համար, գնել մեկ հատ դեղին շրջազգեստ և պահպանել գոյությունը մի քանի ամիս: Մեկ տարի անց գուցե դեկանատի աշխատողը կրկին կմտնի լսարան ու կասի, որ ձեր ժամանակը սպառվել է: Գուցեև ոչ: Բայց Միշելը մեկ տարի շահել է: Նա տոմս է շահել մի նավի, որը պետք է երկար լողա օվկիանոսով, և որի տոմսի արժեքը չափվում է ժամանակով: Երբ տոմսիդ ժամանակը ավարտվում է, քեզ նետում են օվկիանոսը: Եթե կարող ես, լողա մինչև մյուս ափը, և եթե ժամանակին հասնես, քեզ այնտեղ կսպասի նույն նավը: Հետո նավերը կփոխվեն, բայց օվկիանոսը կմնա նույնը, ու քո ունեցած միակ իրական բանը կլինի այն, որ դու կսովորես լողալ ու չխեղդվել, երբ քեզ դուրս նետեն հերթական նավից:

 

   Համալսարանի դուռը բացվում է, և դեղին շրջազգեստով մի աղջիկ ժպտալով դուրս է վազում: Նա ժպտում է այնքան անկեղծ, այնքան պայծառ. կարծես հենց դրա համար է ստեղծվել ժպիտը, որ մի օր նա ժպտա:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել