Աշնանային վաղորդյան մուգ արեգակին մի կաթիլ դեղին էր ընկել ու փոշու նման տեղ-տեղ տարածվել սարերի լանջերին:
    Տղան կանուխ վեր կացավ, մի քիչ վայելեց թռչունների ծլվլոցը, որոնք խլանում էին կովերի հաստ, շչակավոր բառաչներից: Նա արդեն գիտեր, որ երբ մեկը ձայնում է, մնացածները լռում ու ականջ են դնում`հանգիստ սպասելով իրենց հերթին և սովորականի պես սպասում էր մյուս ձայնին, իսկ այս անգամ քամին իր տեղը չէր գտնում ճռռոցների մեջ…
     Քայլեց դեպի շունը. անցյալ տարվանից մտածում էր նորոգել բույնը, բայց այդպես էլ կիսատ էր մնացել: Շունը ձգեց կապը` առջևի թաթերն ու իրանի մի մասը օդի մեջ ցնցելով: Քիթը խոթեց գետնին ու փոշու միջից խուլ գռմռոցով քսվեց տղայի ոտքերին, հետո թաթերը խրեց հողի մեջ` ի նշան գայլախեղդ նվիրվածության:
    Պապին կարոտում էր: Պապը տեսել էր այս շանն ու ասել. «Քո կարծիքով մարդիկ ինչի՞ համար են կենդանիներ սիրում, պահում՝ մենակությունի՞ց: Դա էլ կա, բայց լռությունը խախտելու կարոտից է, որովհետև լռությունից է ծնվում խոհերի ալիքը, որը չգիտես քեզ որ ափը կշպրտի՝ դեպի մահվան լպստուն քարքարոտ եզրին, թե կկախվես ժայռերից աճած որևէ կանաչ թփից: Նրանք լսում, ապրում են անցյալ ժամանակների հիշողությունները, երբ գիշերվա մունջ անդորրում կենդանիների վայրի ցատկից մարդիկ խրտնում ու հարայ-հրոցով լարում, վանում էին լռությունը:
    Տղա ջան, փնտրի՛ր կյանք ու մի նշույլ կգտնես, չտրվես ինքնաոչնչացման մտորումներին, դա մշուշի պես քեզ կվերցնի, մի օր պետք է հաղթես դրան»:
 
    Քայլեց ծառի մոտ. պապն էր սովորեցրել, ամեն առավոտ պետք է դուրս գար այգի, շոյեր ընկույզի հաստաբուն իրանը մինչև տակ, եթե փուշ մտներ ձեռքը, ուրեմն օրը բարեբեր չէր լինելու: Այս անգամ արհեստականորեն կատարեց ծեսը, քանի որ շոշափելիքները հեռու մտքերի մեջ հպված էին մնացել ներսի ձայներին, և ծակոց էլ չզգաց ձեռքին. խաղաղ օր էր սպասվում…
 
    Հետո պապը պոկեց ծաղկին փաթաթված գայլուկն ու շարունակեց. «Այ սրանց քամին է բերել, ու չեն ամաչում ուրիշի կյանքը ծծելուց, արմատ չունեն, երբ փորձում ես կանաչ ցողուններին ազատել, սրանց մագիլները պոկում հանում են ցողունի կեղևը: Ցավն էլ սրանց պես մարդկանց է փաթաթվում... Մենք արմատներ ունենք ու միշտ մնալու ենք արմատների մեջ: Իմ լռությունն ամեն օր սնվում է ձայներից, դրանց կլանում ու թանգարանի հնության հոտ է փչում այնտեղ»:
    Հողն իմ դագաղն էլ է ծակելու, որ լցվի ներս, ժամանակն էլ է մաքրվում, նա էլ է անցնում իմ զտիչով՝ լուռ ու աներևույթ: Հորդ ասել եմ, որ ինձ փաթաթի սավանով: Ես չեմ թաքնվում որդերից, միայն նրանք՝ ժամանակն ու որդերը, ձայն չունեն, սրանք են մոտենում լուռ, առանց խաբելու մնացած ամեն ձայն մահ է կռահում…
 
Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել