Սահմանին իրավիճակը հարաբերական խաղաղ է, Ջերմուկում որևէ միջադեպ չենք ունեցել, օրեր առաջ ՊՆ-ն հրապարակել էր, որ թեթև միջադեպ է եղել, բայց ընդհանուր առմամբ խաղաղ է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Դիրքային կորուստների մասին տեղեկություններին մարզպետը չպատասխանեց՝ հորդորելով այդ հարցերը ուղղել Պաշտպանության նախարարությանը։

Արարատ Գրիգորյանը ասաց, որ թշնամին շարունակում է մնալ նույն տեղում։

«Մեր տեղեկություններով թշնամին շարունակում մնալ նույն տեղում, բայց եթե ԳՇ պետը ավելի լավ է տիրապետում, բան չեմ կարող ասել, ամեն դեպքում մենք անզեն աչքով  տեսնում ենք ադրբեջանցիներին իրենց տեղում, Ջերմուկից դա հնարավոր է տեսնել»,- ասաց նա։

Մարզպետը նշեց, որ ադրբեջանցիների ներկայությունը անհանգստություն է առաջացնում   բնակիչների շրջանում։

«Քաղաքացիների հետ համապատասխան աշխատանքները պաշտպանունակության առումով արված է, եթե որևէ արտառոց իրավիճակ ստեղծվի, կփորձենք ադեկվատ պատասխան տալ»,- նշեց մարզպետը։

Լրագրողների դիտարկմանը, որ ԳՇ պետի խոսքով ադրբեջանական խումբը հետ էր քաշվել, արդյո՞ք ինքը և ԳՇ պետը նույն խմբերի մասին են խոսում, մարզպետը նշեց, որ չի կարող պատասխանել այդ հարցին։

«Իր հետ կարող եք ճշտել, թե որ խմբին է նկատի ունեցել, երբ ասել է, որ հետ են գնացել»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքներում հնարավո՞ր է, որ հայկական կողմի դիեր լինեն, մարզպետը ասաց․

«Չեմ կարծում, որ դա իրական է, իմ տեղեկություններով՝ անվտանգության համապատասխան աշխատակիցները ՊՆ-ի հետ համաձայնեցված ամբողջ տարածքով անցել են և ոչինչ չեն հայտնաբերել, այն տարածքներում, որը մենք ենք դիտարկում, որևէ բան չեն տեսել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել