Hartak.am-ը գրում է.
Հարգելի ընթերցողներ, ձեզ եմ ներկայացնում սեպտեմբերի մեկի լրահոսից տեղեկատվական մի դրվագ, որը ավելի շատ հիշեցնում է պատերազմական խրոնիկա` «Դեռ կեսօրից մի խումբ տղամարդկանց ուղեկցությամբ կանայք ժամանեցին շուկայի տարածք եւ պարբերաբար հրահանգներ էին ստանում տղամարդկանցից՝ ինչպես և ինչ անել: Երբ տեղ հասան ակտիվիստները, «Ծածկած շուկայի» նախկին աշխատողներ ներկայացող կանայք միանգամից հարձակվեցին նրանց վրա, և միայն ոստիկանության միջամտությամբ հնարավոր եղավ կանխել բախումը: Ոստիկանները պատ կազմեցին երկու կողմերի միջև: Պատի մի կողմում հայտնված Սամվել Ալեքսանյանի պաշտպանների շարքերում վիճաբանություն սկսվեց: Որոշ կանայք թերանում էին իրենց «գործում...»: Ինչպես հասկացաք խոսքը այստեղ գնում է «Ծածկած շուկայի» շինարարությունը դադարեցնելու պահանջով շուկայի մոտ բողոքի ակցիայի հետ կապված դեպքերի մասին»:
Կարդում եմ և ապշում, ինչ է սա նշանակում, սա ինչ նոր երևույթ է, ինչ է, երբ սեփական շահերից ելնելով մարդկանց դրդում են միմյանց դեմ: Ինչին է դրանով ուզում հասնել Սամվել Ալեքսանյանը: Իհարկե, եթե նայենք նրա տեսանկյունից, ապա պատասխանը հետևյալն է`ստեղծել այնպիսի մի իմիտացիա, որով ցուցադրել, որ ժողովրդի մի մասն է իրենից դժգոհ, այլ ոչ թե ամբողջ հանրությունը: Որպեսզի ավելի արտահայտիչ լինի ասածս, ձեզ եմ ներկայացնում մի երկխոսություն, որը տեղի է ունեցել այդ օրը Ալեքսանյանի աշխատակիցների և Ալեքսանյանին` այսպես ասած սատարողների միջև:
Եվ այսպես, պատի մի կողմում հայտնված Սամվել Ալեքսանյանի պաշտպանների շարքերում վիճաբանություն սկսվեց: Որոշ կանայք թերանում էին իրենց «գործում».
-Ի՞նչ եք կանգնել, գնացեք գոռգոռացեք, մազերը պռճկեք: Է՞ս ա ձեր պայքարը:
- Պահանջում եմ էլի, հո չեմ գնալու, գլուխները ջարդեմ:
- Չեմ ասում՝ ջարդի, բայց գոնե գոռա:
Հ.Գ. Ու ինչ է սա նշանակում: Թերևս մի բան, մնում է Սամվել Ալեքսանյանի բիզնեսի բարգավաճման համար Հայաստանում քաղաքացիական պատերազմ սկսվի: Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ: