Վաղը հանրապետության բոլոր դպրոցներում կմեկնարկի նոր ուսումնական տարին` իր ետևում թողնելով ամառային արձակուրդները: Ինչպես ցանկացած նոր ուսումնական տարին մեկնարկելիս այս տարի նույնպես ուսուցիչները միմյանց կշնորհավորեն նոր ուսումնական տարի սկսելու կապակցությամբ, կմաղթեն ստեղծագործական և մանկավարժական նորանոր հաջողություններ, համբերություն և ուժ: Գործընթացն ինձ ծանոթ է. արդեն 5-րդ սեպտեմբերն եմ տոնում` որպես ուսուցչուհի: Ամեն սեպտեմբեր իր հետ բերում է ինչպես նախորդ` անկատար երազանքների իրականացման հույսեր, այնպես էլ նոր մտահղացումներ ու ցանկություններ: Իսկ մենք այնքան էլ շատ բան չենք երազում. մաքուր ու գեղեցիկ դպրոց, ուսուցման ժամանակակից մեթոդներին ու հնարներին համապատասխանող կահավորմամբ դասասենյակներ, գրագետ, գիտատարության ու մատչելիության սկզբունքով շարադրված դասագրքեր (որոնք ռուսերենից անգրագետ թարգմանություններ չեն պարունակի) և ամենակարևորը` աշխատասեր ու խելացի աշակերտներ :) Ցանկանում ենք, որ բոլոր դասագրքերն ու կից պարագաները աշակերտներին տրամադրվեն անվճար: Բայց ի՞նչ ունենք իրականում: Պատկերն այնքան էլ հուսադրող չէ: Ունենք կիսամյակում առնվազն 2 թեմատիկ և 2 գործնական աշխատանքներ հանձնարարելու պարտավորություն և միաժամանակ աշակերտներին տետրեր գնել չպարտադրելու խիստ հրաման (պարադոքս): Ինչպե՞ս վարվել: Անհայտ է… Այդ դեպքում ինչո՞ւ են արտադրվում տետրերն առհասարակ: Խնդիրները թողնենք մեզ` ուսուցիչներիս…
byYP45UdHGcFxz3MNd9BuWW6cr
Այնքան գեղեցիկ են սևն ու սպիտակը դպրոցի բակում: Հրաշք տեսարան է, երբ մի քանի ամիս տևած լռությունից հետո բակը նորից լցվում է այս ու այն կողմ վազվզող երեխաներով և իրենց արդեն մեծիկ կարծող պատանիներով: Կրկնակի անգամ հաճելի է դպրոցում տեսնել նաև ծնողներին:
ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ, դպրոցը երեխաներին կրթելու համար է նախատեսված, թանկարժեք հագուստներով միմյանց հետ մրցելու հարթակ չէ: Հավատացեք, առանց ձեր աջակցության նույնիսկ ամենահմուտ մանկավարժը չի կարողանա իրականացնել այդ գործընթացը: Հիշեք. ցանկացած երեխա ներկայացնում է ձեզ` դպրոցում (երեխան ընտանիքի հայելին է): Հետևեք ձեր երեխաների կոկիկությանը, օգնեք դասերը պատրաստելիս: Ամեն առավոտ երեխային դպրոց ճանապարհելիս մտածեք. «Այն, ինչ հագել է երեխաս, համապատասխանո՞ւմ է դպրոցին»: Քավ լիցի, խոսքը չի վերաբերում անպայմանորեն նոր, թանկարժեք հագուստին: Ոչ! Պարզապես չի կարելի բարձրակրունկ կոշիկներով, ներկած եղունգներով ու դիմահարդարմամբ, ռոքերային սանրվածքով ու շորտերով դպրոց գնալ: Դա ամենևին էլ ձեր երեխայի ինդիվիդուալության մասին չի խոսում. թող նա սպիտակ ագռավ լինի իր վարքով և կարդացած գրքերի ցանկով: Համոզված եղեք, նման տեսքով դպրոց հաճախող երեխան վերջին հերթին կմտածի ուսման մասին (եթե մտածի):
Հմ… էլի սկսեցի դասեր տալ ;ճ ներեցեք, բնավորության գիծ է :D

Հ.Գ Մեծ ուրախությամբ պիտի հայտնեմ, որ այս տարի մենք վերջապես կունենանք վերանորոգված դպրոց! Հուսանք, որ մի օր էլ գեղեցիկ, մաքուր, վերանորոգված դասասենյակները կահավորված կլինեն արդիական դիդակտիկ պարագաներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել