Բոլորիս համար գաղտնիք չէ, որ մեր երկրում հասարակ սպառողներս ապահովագրված չենք տարատեսակ կեղծումներից, այսօր ես կփորձեմ ներկայացնել մի քանի սննդատեսակներ, որոնք կեղծվում են և ինչպես են կեղծվում:
Տեղական բրոյլեր - Ժամանակին մեր հայ տնային տնտեսուհիները բողոքում էին` երբ տապակում են տեղական բրոյլերը, տապակելու ընթացքում նորմալ չի կարմրում, և մեծ քանակությամբ ջուր է անջատվում մսից: Դրա պարզ մեկնաբանությունը կայանում էր նրանում, որ որոշ ընկերություններ ուղղակի շատ էժան ներմուծում էին արտասահմանյան բրոյլերը, ջրի մեջ հալեցնում, վերափաթեթավորում, սառեցնում, և արդյունքում գինը բարձրանում էր գրեթե 2 անգամ, չհաշված որ ներսում էլ ջրի կուտակումը մոտ 20% ավել քաշ էր ապահովում:
Խոզի միս- Վերջին տարիներին մեծ թափ ստացավ Բրազիլիայից և Ռուսաստանից խոզի ամբողջական մարմնի և այսպես կոչված չալաղաջի ներմուծումը, որի գինը մեզ մոտ գրեթե կրկնակի էժան էր: Դե բնականաբար, նման առիթից չէին կարող չօգտվե «Տաշիրին» հարակից մսի պասսաժում պիտի լավ գիտակ լինես, որպեսզի չխաբվես, և թանկ գնով տեղականի տեղ ներմուծված միսը չհրամցնեն: Իսկ սննդի օբյեկտներում՝ հատկապես հարսանյաց սրահներում, վերցնելով այդ միսը, խորոված անելուց առաջ մշակում են հանքային ջրով, կիվիով, որոշ դեպքերում` քացախով, դրա համար էլ բոլորդ զգացած կլինեք, որ շատ հարսանյաց սրահներում մատուցված խորովածը լինում է անբնական փափուկ ու հեշտ ծամվող: Եվ մի բան էլ ավելացնեմ. զգացած կլինեք` երբ դուք կամ ձեր ընտանիքի որևէ անդամը խորոված եք պատրաստում, տևում է մոտ 35 րոպե, իսկ որոշ սննդի օբյեկտներում ձեր պատվիրելուց 10 րոպե հետո պատրաստ է: Հետևությունը թողնում եմ ձեզ:
Գառի միս - Գառի մսի պարագայում մեզ թվում էր, թե այստեղ չի կարող որևէ կեղծիք լինել, քանի որ չունենք ներմուծում, այստեղ էլ կան որոշակի տեխնոլոգիաներ: Այստեղ էլ տարիքով ոչխարի միսն են հրամցնում գառի մսի տեղ, մոտ 1 օր ոչխարի միսը թողում են ջրի մեջ, մսի գույնը բացվում է և նմանվում է գառին, շատ դեպքերում էլ ուլի միսն են հրամցնում գառի տեղ: Նման կեղծիքից խուսափելու համար միշտ նայեք կողոսկրերի հաստությանը. եթե հաստ եղավ, ուրեմն հաստատ փորձում են խաբել:
Տավարի ապխտած ֆիլե - Որոշ մսի կետերում, օրինակ` «Տաշիր»-ի կողքի մսի կետերում, ցանկի մեջ կկարդաք ձիու միս, դա պատահական գրված չէ, երբեմն տավարի մսի տեղ հենց ձիու միս են հրամցնում: Դուք զգացե՞լ եք, որ Հայաստանում տավարի հում ֆիլեն ավելի թանկ է՝ մոտ 3800 դրամ, քան ապխտած ֆիլեն` 3200-3400 դրամ: Ներքևում կտեղադրեմ տեսանյութ, կտեսնեք` ինչը ինչպես է լինում: Եթե ցանկություն լինի, կարող եմ խոսել նաև ձեթի, թթվասերի, կարագի, սև և կարմիր պղպեղի, սուրճի և շատ այլ ապրանքատեսակների մասին:



