Hetq.am-ը գրում է.
Բեռնափոխադրող «Սպիննակեր գրուպ» ընկերության բեռնատարները արդեն 12 օր է, ինչ փորձում են հատել Լարսի անցակետը Ռուսաստան հասնելու համար: Սովորաբար, երբ խնդիրներ չեն լինում, մեքենաները մինչև հինգ օրում հասնում են Ռուսաստան, սակայն մոտ երեք շաբաթ է՝ Լարսում կուտակումներ են:
«Յուրաքանչյուր բեռնատար ստուգում են՝ ռենտգեն են անում: Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը մեծացել է: Եթե նախկինում մեկ ընկերության մեքենաների մի մասն էին ստուգում ամբողջությամբ, ապա՝ հիմա բոլորը: Այստեղից էլ առաջացել են այս հերթերը: Մեր տեղեկություններով՝ դա ռուսական կողմի պահանջն է: Նաև տեղեկություններ են շրջանառվում, որ հայկական որոշ բեռնատարների դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել: Դա էլ իր հերթին է առիթ հանդիսացել, որ ստուգեն բոլոր մեքենաները»,- «Հետք»-ի հետ զրույցում նշել է ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը:
Այս օրերին հատկապես գյուղմթերք և ձուկ տեղափոխող բեռնափոխադրողներն են անհանգստացած: Նրանց մի մասը մեքենաները հետ է բերում Հայաստան, որպեսզի ապրանքը չփչանա: Թարմ ձուկը, օրինակ, հետ է բերվում և սառեցվում: Որոշներն էլ չեն հասցնում ժամանակին տեղ հասցնել, և բեռնատարները հետ են գալիս Հայաստան արդեն փչացած ապրանքով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղյակ են Լարսի կուտակումների մասին, սակայն, համարում են, որ իրենք այս պահին ոչինչ անել չեն կարող:
Ըստ նրա՝ թողունակությունը խիստ նվազել է, և մեքենաների հոսքը շատ դանդաղ է առաջ շարժվում: Հարցին՝ նախարարությունը ի՞նչ ելք կամ տարբերակներ է տեսնում այս խնդիրը լուծելու համար, խոսնակը կրկին պատասխանեց, որ այս պահին դրությամբ դա իրենց իրավասությունների շրջանակում չէ:
Տեսանյութը՝ News.am-ի