Մենք միասին համաձայնության պետք է որ եկած լինեինք (ո՞նց են ասում, կոնսենսո՞ւս), ավելի շուտ, պետք է գլխից համաձայնության մեջ լինեինք արժեքները գնահատելու ու անպայման պահպանելու հարցում։ Ու կարծես թե, այդ համաձայնությունը կար, չնայած պարզվում ա` ընդհանուր չէր։ Կարծես թե մի շարք շենքեր (օրինակ` Օպերան, Փակ շուկան, Սեւան հյուրանոցը եւ այլն) միանշանակ արժեքներ էին ամբողջ համայնքի համար (ազգ, ժողովուրդ, նման բառեր չեմ ուզում օգտագործել), որոնք անկասկած պետք է ամեն գնով պահպանվեին։ Եւ փաստորեն, այդ համաձայնությունը բնականորեն ստացավ իր օրենսդրական ձեւակերպումը, երբ կազմվեց ՀՀ կառավարության կողմից հաստատված այդ շինությունների ցանկը եւ համապատասխան օրենք ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ։ Ես անընդհատ խուսափում եմ բանավեճերի մեջ մտնելուց ու ապացուցելուց, որ այս կամ այն հուշարձանը իրոք արժեքավոր է, եթե այդ հուշարձանը պետական ցուցակի մեջ ա, քանի որ ենթադրում եմ, որ այդ բանավեճը արդեն տեղի է ունեցել եւ ավարտվել է։ Մյուս կողմից, շատ բնական կլիներ, որ քաղաքի համայնքը պատկերացման մեջ ունենար եւ մի վիրտուալ, ոչ նյութական ցուցակ, ոչ թե կոնկրետ շենքերի, այլ տեղերի, անկյունների, հատակի, ներկի, քարի, գույնի, տանիքի, ծառի․ այն ամենի, ինչը քաղաքը դարձնում է հատուկ ու ճանաչելի։ Այդպիսի մտածողություն ունեն բոլոր «ստացված» քաղաքները։
Երկար խոսեցի, եթե ամփոփեմ, ասածս սա է․ քաղաքում կան տեղեր, շենքեր, որոնց պահպանությունը պարտադիր է համայնքի գոնե այն հատվածի համար, որը իրան գիտակցում է որպես այդ տեղի անբաժանելի մաս ու գաղափարի, հիշողության կրող։ Համայնքի մնացած հատվածը պարտավոր է հաշվի առնել ու հարգել այդ անհրաժեշտությունը։ Հակառակ դեպքում, ստացվում է, որ քաղաքի ներկայիս բնակչությունը եւ բնակավայրը տարբեր մտածելակերպ ունեն։ Ու դա նորմալ ա։ Օրինակ` ապուշություն կլիներ թուրքերից պահանջել, որ Կոնստանդնուպոլսում ապրեն էդ քաղաքը կառուցած հույների պես, պարզ ա, որ թուրքերը բերեցին իրանց ապրելակերպը, ուրիշ արժեքներ, ուրիշ հիշողություններ, ու ստեղ լավ ու վատի հարց չի, սենց դեպքերում լավը միայն այն դեպքում է, երբ եկողը բավականին առաջադեմ ու զարգացած ա, որ գնահատի նաեւ օտարի ստեղծածը։ Մեր պարագայում ցավալին նա է, որ էսօրվա բնակչությունը գոնե տիտղոսով, անվանումով նույնն է, սակայն տեսնում ենք, որ մենք էսօր բոլորս մշակութային, քաղաքակրթական իմաստով բացարձակ կապ չունենք ոչ, ասենք, Անին կառուցած հայերի, ոչ նույնիսկ Երեւանը կառուցողների հետ։ Ու դա արտահայտվում է ոչ միայն հուշարձանների նկատմամբ վերաբերմունքում, այլեւ ավելի նուրբ, մանր (մանր չի լինում) հարցերում` սկսած փոքր ճարտարապետական ձեւերից, վերջացրած պլաստմասե թիթեռներով։
Մյուս կողմից, եթե պատմության նկատմամբ հարգանքը ու վերաբերմունքը լիներ անվերապահորեն ընդունված ու անկասկած, մենք չէինք դոփի տեղում ու միայն այդ դեպքում կկարողանայինք ստեղծել էսօրվա, վաղվա ճարտարապետությունը։ Ամենախնդալուն, երբ ասում են «չէ՞ որ քաղաքը պետք է զարգանա» մարդիկ, որոնք ամեն քայլով փակում են զարգազման ճանապարհը։ Այ երբ շուկան միանշանակ արժեք ընկալվեր, կարելի էր նույնիսկ վերակառուցել, հարմարեցնել էսօրվա պահանջներին, նոր հնչեղություն տալ, ապրեցնել։ Համաշխարհային փորձը ահռելի ա, գնացեք, նայեք։
Իսկ կռիսնե՞րը, կասեք դուք։ Իսկ կռիսների հարցով էլի ուզում եմ հիշեցնել, որ եթե մենք ի վերջո փորձում ենք ապրել պետության շրջանակներում, ապա պետական մարդկանց ես ահագին փող եմ վճարում, որ իրանք գլուխները ցավացնեն ու կազմակերպեն շենքերի պահպանությունը, ճիշտ գրագետ օգտակար օգտագործումը, կռիսների ոչնչացումը։