Ի՞նչ են գուժել վրացիները Հայաստանի մասին
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը վաճառել է ավելի քան 84 մլն դոլարի էլեկտրաէներգիա, ինչը մոտ 468%-ով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած։ Ամենահետաքրիրը, սակայն սա չէ, այլ՝ այն փաստը, որ ըստ նույն տվյալների՝ մեր երկիրը Վրաստանից էլեկտրաէներգիա գնողների եռյակում է հայտնվել: Այսինքն՝ մի երկիր, որն ունի ատոմակայան, որը տարիներ առաջ ինքն էր վաճառում Վրաստանին մեծ ծավալի էլեկտրաէներգիա, այսօր դարձել է նույն ապրանքի ամենամեծ գնորդներից մեկը այդ երկրից՝ թուրքերի հետ միասին:
Այս պատկերը չի կարող մտահոգիչ չլինել ու հարցեր չառաջացնել՝ ուղղված էներգետիկ հարցերով զբաղվող պետական մարմիններին, Կառավարությանը՝անկախ այն բանից, թե այս կամ այն մասնագետն ինչպես կմեկնաբանի կամ կպատճառաբանի փաստը: Ի՞նչ «հանճարի» տեր պետք է լինի Նիկոլի կառավարությունը, որ Հայաստանը վերածի օտարներից մի ապրանքի գնորդի, որից պետք է ոչ միայն չխեղճանար երկիրը, այլև Վրաստանի տեղն այսօր ինքը լիներ՝ դառնալով էլեկտրաէներգիա արտահանող գլխավոր տարածաշրջանային պետությունը:
Որքան էլ ցավալի է արձանագրել, բայց այս իրավիճակը լիովին տեղավորվում է ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականության տրամաբանության մեջ. սրանք Հայաստանը ամեն կերպ դարձնում են ոչ ինքնաբավ երկիր՝ դնելով կախվածության մեջ բոլոր հնավարավոր կենտորններից կամ երկրներից: Ինչո՞ւ, քանի որ այդ պատվերն են ստացել իրենց տերերից:



