Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ինտերնետի ազատության Countering the Authoritarian Overhaul of the Internet տարեկան զեկույցը, համաձայն որի`աշխարհում ինտերնետի ազատությունը նվազում է արդեն 12-րդ տարին անընդմեջ. ամենակտրուկ վարկանիշի իջեցումը գրանցվել է Ռուսաստանում, Մյանմայում, Սուդանում և Լիբիայում:

Առնվազն 53 երկրում օգտատերերը բախվել են իրավական հետևանքների՝ առցանց կարծիք արտահայտելու համար:

Չինաստանն ութերորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենավատ միջավայրը համացանցի ազատության համար:

Մինչդեռ համացանցի ազատության բարելավվում է գրանցվել ռեկորդային 26 երկրում: Չնայած ընդհանուր գլոբալ անկմանը, շատ երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները համատեղ ջանքեր են գործադրել օրենսդրությունը բարելավելու, լրատվամիջոցների ճկունությունը զարգացնելու համար:

70 երկրներից 47-ի իշխանությունները սահմանափակել են օգտատերերի մուտքը դեպի իրենց սահմաններից դուրս գտնվող տեղեկատվական աղբյուրները: Գործնականում այս բոլոր սահմանափակումները հանդիսանում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի բացահայտ խախտում, որը կոդավորում է «տեղեկատվություն և գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը ցանկացած լրատվամիջոցով և անկախ սահմաններից», գրել են զեկույցի հեղինակները:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը ներառվել է ազատ երկրների շարքում՝ 100 միավոր բալային սանդղակով հավաքելով 74 միավոր: Ի դեպ, այս ցուցանիշը երեք միավորով ավելի է նախորդ տարվա տվյալից:

Ինտերնետի ազատությունը Հայաստանում բարելավվել է լուսաբանման ժամանակահատվածում (2021-ի հունիսի 1-ից 2022-ի մայիսի 31-ը)՝ հիմնականում տեղեկատվության ազատ հոսքի սահմանափակումների վերացման շնորհիվ, որոնք կառավարությունը կիրառել էր լուսաբանման նախորդ ժամանակահատվածում՝ Արցախում հայերի և ադրբեջանցիների միջև պատերազմի ընթացքում: 

Հեղինակները հիշեցնում են, որ կառավարությունը փոփոխություններ է կատարել քրեական օրենսգրքում՝ 2021 թվականի հուլիսին քրեականացնելով ծանր վիրավորանքը, ինչը հանգեցրել է բազմաթիվ մեղադրանքների վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատողների դեմ։ Սակայն որոշ ժամանակ անց կառավարությունը հայտարարել է, որ միջոցները չի ներառվի նոր քրեական օրենսգրքում։

 Նշենք, որ հարևան Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը ներառվել են անազատ երկրների ցանկում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել