Ամեն ինչ սկսվում է երազանքից...Kiss.am-ը գրում է.

Կան մարդիկ, որոնց մոտ երազանքները կատարվում են ավելի հաճախ և արագ: Ինչպե՞ս հայտնվել նրանց շարքերում: Շատ ցանկանաս, քիչ կստանաս` սովորաբար հեգնում են երազող մարդկանց: Իրական կյանքում ամեն ինչ ճիշտ հակառակն է` ինչքան մարդ ուզում է, այնքան շատ էլ արդյունքում ստանում է:

Ի՞նչն է քեզ խանգարում

Մինչև նպատակդ իրականացնելը, փորձիր բացահայտել թաքնված պատճառները, որոնք կարող են խանգարել քեզ իրականացնել երազանքներդ: Ահա դրանցից մի քանիսը:

Ցածր մոտիվացիա

Դու միշտ երազանքների իրականացումը թողնու՞մ ես հաջորդ օրվան: Դա հաճախ է պատահում, հատկապես այն դեպքում, երբ ընտրածդ նպատակն ամենևին էլ քոնը չէ: Այն քեզ պարտադրել է շրջապատիցդ ինչ-որ մեկը (ամուսին, տնօրեն, հարազատներ) կամ սեփական նախանձը (ինչու՞ ընկերդ (ընկերուհիդ) պետք է խոսի երեք լեզվով, իսկ դու`ոչ ):
Մոտիվացիան ծնվում է մեր ներսում սեփական ցանկությունների հետևանքով: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ես ստանալու թափած ջանքերի արդյունքում: Ինքդ քեզ մղիր գործողությունների` խնդրիր, համոզիր, ստիպիր քեզ մի քայլ առաջ գնալ դեպի երազանքիդ իրականացումը: Ապագայի հաջողությունների վառ պատկերները կօգնեն քեզ այլևս չհետաձգել մտադրածը:

Ծուլություն

Երբեմն մեզ համակում է անմարդկային մի ցանկություն` ոչինչ չանել: Ծուլությունը և  էներգիայի պակասը մեդալի երկու կողմերն են: Ծուլությունն ուղղակիորեն կապված է  հետաքրքրության կորստի հետ, հետևաբար` նաև մոտիվացիայի: Իսկ էներգիայի պակասը հաճախ բացատրվում է թերագնահատմամբ` ես ի վիճակի չեմ հասնել իմ ուզածին, ուրեմն չարժե ինչ-որ քայլեր անել: Փորձի՛ր խուսափել նման մտքերից, ընդհակառակը, դու կարող ես ամեն ինչի հասնել:
Իմիջիայլոց, էներգիա կարելի է վերցնել կյանքի մյուս բնագավառներից: Սիրած գործով զբաղվելիս մենք լիցքավորվում ենք  դրական էներգիայով, ինչը բարձրացնում է օրգանիզմի տոնուսը: Բաղադրատոմսը պարադոքսալ է. ցանկանու՞մ ես  մեքենա ունենալ, հաճախիր պարի խմբակ: Պարապմունքների ընթացքում դրական էներգիա ստանալով` դրանք կարող ես ուղղել նպատակիդ իրականացմանը:

Վախ

Հայտնի բրազիլացի գրող Պաուլո Կոելյոն «Ալքիմիկոս» գրքում նշել է. «Միայն մի բան կարող է անհնար դարձնել երազանքի իրականացումը` անհաջողության վախը»: Եվ իրոք, ներքին վախերը և սահմանափակումներն ամենամեծ խոչընդոտներն են նպատակին հասնելու ճանապարհին: Մարդը, վախենալով սխալներից, ոչինչ չի նախաձեռնում: Հիշի՛ր, որ հաջողակ մարդիկ ավելի շատ են սխալներ թույլ տալիս, սակայն չեն ընկճվում և առաջ են գնում: Մենք հաճախ վախենում ենք նաև փոփոխություններից: Երբ սովորում ենք կյանքի ընթացքին, ցանկացած փոփոխություն մեզ մոտ տագնապ է առաջացնում: Միակ միջոցն այն հաղթահարելու քայլելն է նրան ընդառաջ և անսովոր քայլեր ձեռնարկելը:
Եթե ինչ-որ բան շատ ես ուզում, ամբողջ տիեզերքը կնպաստի  նրան, որ երազանքդ իրականանա: ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ

Ինչպե՞ս գործել

«Ցանկությունները մեզ երբեք չեն տրվում առանց դրա իրականացման համար ուժի»,- գրքերից մեկում նկատել է Ռիչարդ Բախը: Վերջ ի վերջո, տարօրինակ կլիներ ամեն ինչում հույսը դնել Ոսկե ձկնիկի վրա, նա առանց այդ էլ շատ գործ ունի:

1. Սկզբի համար վերցրու գրիչ և պատասխանիր հետևյալ հարցերին.
Ի՞նչն է ինձ համար հիմա ամենակարևորը:
Ինչի՞ եմ ձգտում, ի՞նչ եմ ուզում:
2. Մանրամասն նկարագրիր նպատակդ: Պատկերացրու, որ երազանքդ իրականացել է: Ցանկանու՞մ ես Փարիզ գնալ: Ահա դու Էֆելյան աշտարակի վրա հիանում ես քաղաքի գեղեցկությամբ: Եվ այսպես օրը մի քանի անգամ:
3. Պատկերացրու այն, ինչը սիրում ես, ոչ թե ինչի կարիքն ունես:
 Եթե քեզ շտապ 3000 դոլար է պետք, ապա ավելի հավանական է, որ դու դրանք չես ունենա, որովհետև քեզ ղեկավարում է անհաջողության վախը: Ավելի լավ է մտովի տեսնել, թե ինչ ես գնել այդ գումարով: Կարևոր է, որ դու ներքուստ հավատացած լինես, որ կունենաս այդ ամենը:
4. Այժմ պետք է սնուցել զգացմունքները, առանց դրա երազանքդ միայն պատվեր կմնա: Հիշի՛ր, թե ինչ ուրախություն ես զգացել, երբ ստացել ես ուզածդ: Վերապրիր այդ զգացումը: Գտիր ուրախ կերպարներ` կապված երազանքիդ իրականացման հետ, նրանք քեզ կօգնեն և դրական լիցքեր կհաղորդեն:
5.Եթե նպատակդ մեծ է, բաժանիր փոքր փուլերի և պլան մշակիր: Երբ գիտես` ինչ պետք է անես, գործդ հեշտանում է:
6. Կողմնորոշվիր, թե ինչ ունես և ինչ է պետք նպատակիդ հասնելու համար:
 Միջոցներ մտածիր` ինչպես ձեռքբերել չունեցածը:
7. Գովիր ինքդ քեզ նույնիսկ ամենաննշան հաջողության համար: Դրական զգացմունքները շատ կարևոր են, նրանք մղում են հետագա քայլերի: Մեր ենթագիտակացությունը մեծ ուժ է, եթե կարողանանք այն կառավարել:
Եվ հիշի՛ր. կյանքը հենց նրանով է հետաքրքիր, որ այստեղ երազները կարող են իրականություն դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել