«Որքան քիչ ենք խոսում Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի մասին, այնքան շատ են մոռանում այդ մասին։ Նենսի Փելոսիի այցով նորից բոլորը սկսեցին խոսել ցեղասպանության մասին, սակայն ընդամենը օրեր անց մոռացան այդ մասին։ Խնդրում եմ՝ ինձ տրամադրեք ընդամենը մի քանի րոպե, որպեսզի բոլորս միասին կարողանանք քայլեր ձեռնարկել ու փորձել հակազդել այս գործընթացներին։ Անցած շաբաթ ես ամենաքիչը 3 տեսանյութ եմ տեսել, որոնք այս ամսվա սկզբում Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման ժամանակ են արվել։ Այդ տեսանյութերից մեկն ահասարսուռ էր, հայ կին զինծառայողը դաժանաբար բռնաբարվել է, մասնատվել, սպանվել, նրա աչքը հանել էին, մատները կտրել ու դրել բերանը, մի աչքի տեղում քար էին դրել, ու այդ ամբողջ ընթացքը նկարահանում էր ադրբեջանցի զինծառայողն ու թուրքերեն ներկայացնում եղածը։ Այնուհետեւ իմ ձեռքում հայտնվեցին արդեն սպանված հայ կանանց դիակների պղծման լուսանկարները, որոնք արգելել էին տարածել, որովհետեւ ոչ ոք չէր ուզում բացահայտ ցուցադրել այդ հայկական ամոթը»,- ուղիղ եթերում հայտարարել է Վիլսոն Բուշը։
Նա խոսում է նաեւ այն տեսանյութի մասին, որտեղ գերիների նկատմամբ դաժան հաշվեհարդար են տեսնում, եւ այդ ամենը ռազմական հանցագործություն է անվանում։
Վիլսոն Բուշին մտահոգել է այն հանգամանքը, որ պրոհայկական դիրքորոշում ունեցող կոնգրեսականների հիմնական մասը լռել է ամբողջ շաբաթվա ընթացքում։ Նա կոչ է անում հայերին՝ միավորվել եւ ճնշում գործադրել իրենց շահերը ներկայացնող քաղաքական գործիչների վրա։
Դ․ Վ․ Բուշը հաղորդագրություն է ուղարկել Կոնգրեսի հայկական հանձնաժողովի չորս անդամներին՝ առաջարկելով հինգշաբթի հանդես գալ հստակ զեկույցով։
«Մենք հաղորդագրություն ենք տարածել ANA-ի անունից՝ այն մոտավոր 535 կոնգրեսական գրասենյակներ է ուղարկվել եւ Սպիտակ տուն։ Մենք այդ կոչով պահանջում ենք Միավորված ազգերի կազմակերպությունից՝ անմիջապես խաղաղապահներ ուղարկել՝ պաշտպանելու Հայաստանի Սյունիքի մարզն ադրբեջանական զորամիավորումների հարձակումներից, ինչն այս պահին տեղի է ունենում։ Երկրորդ պահանջն է՝ դադարեցնել Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրվող աջակցությունը, երրորդը՝ սահմանել բոլոր հնարավոր ու ամենամասշտաբային տնտեսական պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, ինչպես որ մենք արեցինք Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինային աջակցելու համար։ Չորրորդ՝ հետ կանչել ԱՄՆ դեսպանին Բաքվից, եւ հինգերորդ պահանջը՝ վտարել ադրբեջանական ողջ դիվանագիտական անձնակազմը Միացյալ Նահանգներից, քանի դեռ ադրբեջանական զինուժն ամբողջությամբ դուրս չի բերվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից»,- հայտարարել է Դոնալդ Վիլսոն Բուշը։
Վիլսոն Բուշը կոչ է անում՝ օգտագործել բոլոր սոցցանցերն ու առցանց հարթակները, փորձել կապ հաստատել աշխարհահռչակ հայերի հետ ու կոչ անել նրանց՝ սեփական առցանց հարթակներն օգտագործել Հայաստանին օգնելու, աղմուկ բարձրացնելու համար։
Ամերիկացի խորհրդականը դիմում է նաեւ Հայաստանի հանրությանը եւ կոչ անում՝ այս պահին մեր մեջ կուտակված բարկությունն օգտագործել՝ Հայաստանն այս իրավիճակից փրկելու համար։
«Գնացեք Հայաստանում եւ Երեւանում գտնվող բոլոր դեսպանատների առաջ ու ցույց տվեք ձեր բարկությունը, գնացեք ու բողոքի ցույցեր արեք, պահանջեք, որ այդ երկրների դեսպանները կոչ անեն իրենց հայրենի երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի»,- ասում է Վիլսոն Բուշը։
Նա կոչ է անում՝ հնարավորինս ակտիվ քարոզարշավ ծավալել համացանցում, որպեսզի լռություն պահպանող աշխարհին կարողանանք արթնացնել։
Բուշը զգուշացնում է` եթե Կոնգրեսի հայկական հանձնախմբի կողմից որեւէ արձագանք չլինի, նա այլ գործողություններ է ծրագրում, որոնց մասին տեղյակ կպահի ուղիղ միացման ժամանակ։
«2020-ին մենք համախմբվեցինք, բոլոր առաջնորդները միավորվեցին․ հիմա էլ պետք է միավորվել, մի կողմ դրեք հակասությունները, հիմա ժամանակն է նորից միավորվելու»,- ասում է Դոնալդ Վիլսոն Բուշը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել