ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ. երկրորդ եռամսյակի դրությամբ։ Ըստ այդ թվերի` տնտեսական աճ կոչվածը երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 0,6%, այսինքն` գրեթե չի փոխվել։ Եվ սա պաշտոնական թիվ է։ Հետաքրքիրն այն է, որ այս աճն էլ ստացվել է արդյունաբերությունում ու... գյուղատնտեսությունում։ Ստացվում է, որ վերջապես «կարկուտները օգնեցին» գյուղատնտեսության ոլորտում մի լավ աճելու համար։ Ավաղ, կարկուտներն էլ ի վիճակի չեն եղել լուծելու հարցը։
Այնուամենայնիվ, տնտեսության մյուս ճյուղերում չի ստացվել նույն հաջողությամբ թվեր նկարել։ Ի դեպ, կրկին դիմում եմ գյուղնախարարին ու ԱՎԾ պետին իբրև պատգամավոր՝ խնդրում եմ տրամադրել գյուղ առ գյուղ գյուղատնտեսական մթերքների արտադրության, անասնագլխաքանակի ու ցանքերի վերաբերյալ բոլոր թվերը։ Հիմա, ըստ նույն ԱՎԾ-ի այդ 100.6%-ն էլ ստացվել է այն պարագայում, երբ առաջին կիսամյակի համար 12-ամսյա գնաճը եղել է 6.5%, իսկ միջին գնաճը` 4.1%։ Բայց արի ու տես, որ դեֆլյատորը եղել է … 1.3%։ Հիշում եք 2012-ին էլ 7.2% տնտեսական աճ ապահովելու համար ԱՎԾ-ն 2.6% գնաճի դեպքում նկարել էր բացասական՝ -1.5% դեֆլյատոր։ Դեֆլյատորի արհեստական իջեցումը թույլ է տալիս աճեցնել ՀՆԱ-ն։ Ասել կուզի, որ նույնիսկ այդ չնչին 0.6% աճը չափազանցված է։
Մյուս «նորությունը» 2013-ի օգոստոսի դրությամբ գնաճն է. միջին գնաճը 5.3%, իսկ 12-ամսյա գնաճը՝ 9.3%։ Այդ թվում պարենային ապրանքներինը՝ 10%։ Այստեղ մենք արդեն այսպես կոչված վարգային գնաճ ունենք, երբ թոշակների, աշխատավարձերի (ուսուցիչներ, բժիշկներ, զինվորականններ) ոչ մի բարձրացում չի եղել։ Հիմա եկեք հիշենք վարչապետի խոստումներն ԱԺ-ում ընդամենը 3 ամիս առաջ։ Ինձ մնում է միայն ներողություն խնդրել, որ առայժմ ի վիճակի չեմ ոչինչ փոխելու։