News.am-ը գրում է.

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Իշխանյանը։

35-ամյա ավագ սերժանտ Իշխանյանը մոտ 15 տարի ծառայում էր Զինված ուժերում։ Երկար տարիներ ծառայել է Քարվաճառում, իսկ 44–օրյա պատերազմից հետո՝  Քարվաճառի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո տեղափոխվել էր Ջերմուկ։

«Ինքը շատ դժվարությամբ տարավ Քարվաճառի հանձնումը։ Ասում էր՝ մենք մեր դիրքերից մեկ սանտիմետր չէինք զիջել թշնամուն։ Մեր ձեռքերով էինք պատրաստել դիրքերը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արմեն Իշխանյանի հարազատը՝ Սիրուշ Ղազարյանը։

Արմեն Իշխանյանը մասնակցել էր քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին։

Վերջին անգամ նա ընտանիքի հետ կապ էր հաստատել մարտական գործողությունների սկսվելուց ժամեր անց եւ նույն օրն էլ զոհվել։  

«Թեժ մարտերի են մասնակցել, շատերը զոհվել են, մնացել են երկու հոգով, երկուսն էլ վիրավոր։ Արմենն այդ վիճակում կարողացել է մյուս վիրավոր ընկերոջը մի քանի կիլոմետր հեռու տանել։ Հասցրել է նաեւ կնոջը հետ խոսել ու ասել՝ «շրջափակման մեջ եմ, չեմ կարող դուրս գալ, եթե թշնամին մոտենա, ես գերի չեմ ընկնելու, իմ ձեռքին նռնակ կա»։ Արմենին օրեր անց գտել են մահացած վիճակում, նրա ձեռքի նռնակը պայթած է եղել։ Ես չեմ կարող կոնկրետ ասել՝ դեպքն ինչպես է տեղի ունեցել, իրեն թշնամին մոտեցե՞լ է, թե՝ ոչ»,- պատմեց Սիրուշ Ղազարյանը։

Արմեն Իշխանյանն ունի երկու անչափահաս դուստր։ Նա հուղարկավորվել է սեպտեմբերի 24-ին, զինվորական կարգով, Վանաձորի զինվորական պանթեոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել