Երևանի արևելյան բարձրադիր մասում է սփռված հին ու բարի Կոնդ թաղամասը: Իսկ ինչու հին ու բարի: Հին, քանի որ այն Երևանի պատմական կորիզն է եղել, որը դարերի բովով անցնելով` քաղաքի համար դարձել է մի տեսակ թանգարանային թաղամաս, իսկ բարի, քանի որ ամենահին ու կենսունակ թաղերից մեկն է եղել: Մինչև օրս էլ այստեղ պահպանվել են միմյանց վրա կքած գետնահարկ տները և խորդուբորդ փողոցները: Բնակվելով այստեղ, այս փոքրիկ տարածքում, մարդիկ ստեղծեցին կոնդեցու յուրահատուկ մի կերպար:

Պատմական տարբեր  աղբյուրների  համաձայն,  Կոնդն իր  անվանումը  ստացել  է    բարձր  դիրքի  պատճառով: Ասում են, նույնիսկ, Գրիբայեդովի «Խելքից պատուհասը» առաջին անգամ բեմադրվել է այստեղ:

Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։ Այսօր էլ Երևանի ադրբեջանցի բնակիչները այդ թաղամասին «թափաբաշ» են անվանում։

Կոնդը եղել է մեր քաղաքի ոչ միայն ամենահին, այլև հայաբնակ թաղամասերից մեկը. միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզը։ Նա եղել է Երևանի ամենակենսունակ հատվածը, որը դարերի բովից անցնելով, քաղաքի համար դարձել է մի տեսակ թանգարանային թաղ։ Ըստ Շոպենի Կոնդի սահմանները հին Երևանի պլանում ավելի ընդարձակ են եղել։ Կոնդի կազմի մեջ են մտել Ձորագեղը, Հրազդանի ձորի այգիները և Դալման։ Մյուս կողմից Կոնդի սահմանները հասնում էին մինչև Բերդ։

Ձորագեղը բռնում է Հրազդան գետի ձախափնյա մասը, այն ձորափեշերը, որոնք ընկած են Հաղթանակի կամրջից դեպի վեր։ Ի դեպ, Ձորագեղը նույնպես ունեցել է իր ստորաբաժանումները, ինչպես՝ Վերին կամ Քարափի թաղ, Ստորին կամ Ձորի թաղ և Կարբո թաղ։ Պարսիկների օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ», որը փաստորեն հայերեն Ձորագեղի թարգմանությունն է։ Բայց հայերի մոտ այն գործածական չեղավ և մնաց Ձորագեղ անվանումը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել