Երբ ասում են դերասանական մեծ արվեստ, ես անմիջապես պատկերացնում եմ Փափազյանին: Ավելին, նրա անվամբ ամփոփվում է թատրոն հասկացողությունը` նախապատմական շրջանից սկսած մինչև մեր օրերի իր բովանդակությամբ: Եվ նախ և առաջ Շեքսպիր, ու մեծ մասամբ` Շեքսպիր: Ու պատահական չէ, որ այդ զարմանալի հայը, այդ զարմանալի մարդը կենդանության օրոք արդեն լեգենդ է դարձել: Չեմ տեսել մեկին, որի դեմքը Վահրամ Փափազյանի մասին խոսելիս չստանա նախ միստիկական, ապա նոր միայն հպարտության, սիրո և հրճվանքի արտահայտություն:
Փափազյանը ծնունդով այն երջանիկ մահկանացուներից է, որին ազգը բաժին է հանել իր հանճարի ամենաառողջ սերմը<...>: Պոլսում է ձևավորվել նա, Ադամյանի, Դուրյանի, Պարոնյանի, Վարուժանի, Զոհրապի, Սիամանթոյի և մյուսների Պոլսում: Ինքն էլ այժմ նրանցից մեկն է` վերջինը, և մասունքի պես պաշտելի է մեր ժողովրդի համար...
Վահրամին առաջին անգամ տեսել եմ 1920-ական թվականների սկզբին, Սունդուկյանի թատրոնի բեմի վրա: Եվ հենց առաջին հանդիպումից էլ ինձ հիացրել է նրա պրոֆեսիոնալիզմը: Արհեստը չէ`պրոֆեսիոնալիզմը, այն մեծ բանը, որը շատ քչերին է հաջողվում ձեռք բերել: Եվ այդ տեսակետից ո՞վ կարող է մրցել նրա հետ: Գոնե իմ տեսած արտիստներից և ոչ մեկը:
Փափազյանը սովորել է ոչ միայն իր սքանչելի դերասան-ուսուցիչներից, բոլոր ժամանակաների դասական գրողներից, այլև վրձնի ու բրիչի հանճարեղ վարպետներից: Դա հայտնության նման մի բան է: Փափազյանի նույնիսկ ամենամոլեգին շարժման յուրաքանչյուր ակնթարթում սուր աչքը կարող է նկատել հելլեն քանդակագործության ավարտուն, հաշվարկված պլաստիկությունը: Իսկ նրա ստեղծած կերպարների հոգեկան ամեն մի աննշմարելի զեղման մեջ դժվար չէ տեսնել Ռենեսանսի վարպետների կերտած կերպարների խոր մարդկայնության ու անխորտակելի հզորության ցոլացումը:
Եվ այդ ամենը Փափազյանի արվեստում դրսևորվում է հայացքի մի ապրումով, ռոսլինյան ու տրդատյան աշխարհայացքով...
Շեքսպիրը մեզ համար երբեք չի եղել սոսկ մշակութային շփման երևույթ: Մեր ժողովուրդը ուղղակի որդեգրել է նրան, որովհետև ի դեմս նրա անմահ երկերի գտել է կենաց ու մահվան պայքարով, կործանարար փոթորիկներով, ճակատագրական բախումներով լի իր կենսագրությունը արտացոլելու ևս մի միջոց: Որդեգրել է, որովհետև նրա գործերը նույնպես հնարավորություն են տվել արտահայտելու իր սրբազան իդեալները, անմահանալու համառ ձգտումը, ամենադաժան պայմաններում անգամ մաքուր և ազնիվ մնալու իր ապշեցուցիչ կարողությունը: Եվ Փափազյանը եղավ մեր ժողովրդի այն հանճարեղ զավակը, որը փոխարինեց Ադամյանին և աշխարհի բեմերի վրա բարձրացրեց հայկական Շեքսպիրը` ազգային ու համամարդկային: Եղավ այն մարդը, որը Շեքսպիրը դարձրեց իր ժողովրդի պատմության ու հոգու հայելին` սրանով իսկ անգլիացիներին ու աշխարհի բոլոր քաղաքակիրթ ժողովուրդներին ցույց տալով դրամատուրգի բոլորովին ինքնատիպ մեկնությունը:
Ինձ թվում է, թե 1924 թվականին արածս դիմանկարում բացահայտել եմ այդ մարդու արտաքին ու ներքին արժանիքները: (I, 230):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=561020453934676&set=a.170493459654046.27789.100000801792847&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել