Հարց. «Ես ներկայիս ամուսնուս հետ սեռական հարաբերություններ եմ ունեցել մինչև ամուսնանալը, հիմա մենք ամուսնացել ենք, և նա ինձ խանդում է, ամեն վեճի ժամանակ հիշեցնում է, որ իր հետ քնել եմ ամուսնացած չլինելով, և հնարավոր է` ուրիշների հետ էլ կապի մեջ եղած լինեմ: Նա իմ կյանքի միակ տղամարդն է, բայց այդ պահվածքը ինձ վիրավորում է, ի՞նչ անել»:
Պատասխանում է հոգեբան Աննա Բադալյանը
Առաջինն, ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում, այն է, որ պետք է բարձրացնենք ձեր ամուսնու ինքնագնահատականը: Այո՛, այո՛, ցավալի է, բայց իրավիճակը փրկելու բանալին այստեղ է թաքնված: Եվ այս գործում միայն և միայն ձեր աջակցությունն ու նեցուկն է առաջնային: Ես համոզված եմ, որ Դուք նրան այժմ էլ եք աջակցում, փորձում եք բացահայտել Ձեր պարկեշտությունը: Բայց հավատացեք, այս դեպքում Ձեզ խանգարում է վիրավորանքը, որն ի դեպ բավականին վատ ուղեկից է: Այն ծնում է ներքին տագնապներ, ագրեսիա և արհամարհանք: Ու դա է պատճառը, որ հարաբերությունները շտկելու փոխարեն զույգերը կանգնում են փակուղու առջև: Լավ, ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել, հարցնում եք դուք: Անկեղծորեն երկխոսություն սկսեք ձեր կանացի «ես»-ի հետ, արդյոք պահպանվե՞լ են այն քնքուշ ու վեհ զգացումները, հանուն որոնց Դուք ժամանակին անտեսեցիք ձևավորված ազգային կարծրատիպը: Եթե այո, ապա ... ապա արթնացրեք Ձեր մեջ երազկոտ, բայց նաև ուժեղ կնոջը, ով կարող է պահպանել իր երջանկությունը և ստեղծել այնպիսի պայմաններ, որ կողքին լինող ամուսինը կլինի ամենակարող, վստահ և բարձր ինքնագնահատականով: Ի դեպ, վատ չի լինի նաև, որ Ձեր ամուսինն այցելի նաև հոգեբանական խորհրդատվության: Երրորդ՝ չեզոք անձի միջամտությունն ավելի կկայունացնի հարաբերությունները: