Եթե Սուրմալուի դեպքով ոչ մի պաշտոնյա չազատվի աշխատանքից և նրա/նց դեմ քրեական գործ չհարուցվի, ես և շատ այլ հայրենակիցներ իրավունք ենք ունենալու մտածել, որ շուրջ 1.5 տարի առաջ հայտնաբերված՝ մարդկանց անվտանգության համար ուղղակիորեն սպառնալիք ստեղծող խախտումներով տնտեսավարողի աշխատանքը չկասեցնելը եղել է դիտավորություն:
Մասնավորապես, հնարավոր է վարկած, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյա միջնորդել է տեսչության պետին՝ «թողեք աշխատեն, մերն են» կամ «թողեք աշխատեն, կվերացնեն խախտումները», կամ հնարավոր է սա այլ կոռուպցիոն բնույթի գործունեության հետևանք է.
Եվ այս հնարավոր տարբերակները կյանք են առնելու մեր գլխում, եթե վերոնշյալ քայլերը տեղի չունենան:
Սգո օրեր են հայտարարվում, նաև որպեսզի հասկանանք այս պատահարի լրջությունը, որպեսզի հասկանանք, որ փլատակի տակ մեզանից յուրաքանչյուրն է մնացել:
Այս հանրությունը չի կարող շարունակաբար անարդարության զոհ լինել: Վերջ ի վերջո մեզանում պետք է արթնանա պատասխանատվության պահանջի և արդար համակեցության մեջ դրա կարևորության գիտակցումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել