Հիմա բառերս են թռչում գիրկս՝ կարոտով և շողացող աչքերով, իսկ այն ժամանակ իմ բարեկամ շունն էր ցեխոտ ոտքերով գալիս, թռչում գիրկս, իր բարի ճակատով ժպիտիս վրա նկարում մի մեծ արև, որը միշտ իր ջերմությամբ ավելի էր երջանկացնում...  

Իսկ հիմա... Տառերս հավաքում եմ գիշերային երկնքից, նայում հեքիաթային գեղեցկություն ունեցող լուսնին և մոռանում ամեն խնդիր, տարբեր տեսակի՝ դիմագծերս խժռող, մատներս չորացնող և շրթունքներս մգեցնող:
Երբ ձմեռ է լինում, այդ ճերմակ փաթիլներին նայելով երազում եմ արևի շողեր՝ տաք, փայլուն, քրտնեցնող:
Երբ ամառ է գալիս, արդեն հակառակը...
Հետաքրքիր է, ինչո՞ւ ենք շատերս ցանկանում հենց այն, ինչը չկա հիմա:
 
21-րդ դար... Երբ ամեն ինչ սահմանված է արդեն` պլանավորված, երբ դեռ չես ծնվել, բայց արդեն ունես հարմար չափսի կոշիկ, ծնողների նախընտրած գույնի փոքրիկ հագուստ և քեզ սպասող կյանք, որը կրկին պլանավորված է...
Ազատ, անսահման աշխարհ, որտեղ ապրող շա՜տ մարդիկ փորձում են այն դարձնել սահմանափակ, փակված մի վանդակի մեջ: Մարդիկ, ովքեր շնչում են այդ վանդակի անկյունների գարշելի և հոգնեցնող օդը:
Իհարկե... ամենը գնալով սահմանափակվում է, աստիճանաբար մտքերը քչանում են:
Քայլում եմ փողոցով, կանգնում ես մի շինության առաջ, մի քարե շինություն, բայց մի յուրահատուկ էներգիայով լցված, մուտք՝ լցված գլխիկոր անցնող մարդկանցով: Մտնում եմ եկեղեցի, լուռ ամենը, հանգստացնող, քնեցնող, ավազի մեջ կանգնած վառվող մոմեր, կամաց-կամաց հալչող, կաթիլները թափվում են ջրի մեջ, իսկ կողքից գալիս է մի ձեռք, որն էլ զգույշ հավաքում է մնացորդները, որոնք այլևս պետք չեն:
Հանգիստ տարածություն, չկային մեքենաներ, չկային շատ մարդիկ, միայն լսվում էին ոտնաձայներս, որոնք լռել էին, կարծես ցանկանում էին հանգստացնել ականջներիս, շրթունքներիս, մտքիս...
Սիրում եմ, երբ քայլում եմ այնպիսի մի ճանապարհով, որը երկկողմանի շրջապատված է ծառերով, իսկ ասֆալտի մի փոքր անցքից դուրս է թռչում ջուր, սառը, ծարավեցնող, թարմեցնող ձայնով:
Այդ ժամանակ կրկին տխուր եմ, բայց հաճելի տխրություն է...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել