Օգոստոսի 2-ին Տաշքենդում տեղի ունեցած Թուրքիա-Ուզբեկստան-Ադրբեջան արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների ժողովին Թուրքիայի արտգործնախարարը մի շարք ուշագավ հայտարարություններով է հանդես եկել, ըստ էության, բացահայտելով հայ-ադրբեջանական նոր լարվածության նախապատճառները: Չավուշօղլուն խոսել է Միջին միջանցքի («Զանգեզուրի միջանցքի» մեկ այլ անվանումն է) անայլընտրանքայնության, դրա՝ Արևելք-Արևմուտք առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հարցում ունեցած դերի, այդ թվում՝ Չինաստանի համար կարևոր նշանակության մասին՝ վստահեցնելով, որ այն էապես կնպաստի Մետաքսի ճանապարհի առևտրային կենտրոնական երթուղի դառնալուն: Բնականաբար, Չավուշօղլուն խոսել է նաև միջանցքի կարևոր դերի մասին թյուրքական աշխարհի միավորման, տարածաշրջանային կայունության և այլ գայթակղիչ թվացող թեզերի մասին՝ պայմանով, որ Հայաստանը վեջապես կտա այդ միջանցքը. դա կնպաստի Կովկասում խաղաղության դարաշրջանի բացմանը, որին աջակցում է Թուրքիան:

Չավուշօղլուն, փաստորեն, նմանօրինակ հայտարարությունները հնչեցնում է մի իրավիճակում,երբ Ադրբեջանը հստակորեն սադրանքների է դիմում՝ տեղեկատվական դաշտում նույնպես համապատասխան նախապատրաստություններ տեսնելով: Ակնհայտ է, որ ժամանակահատվածը պատահականության սկբունքով չէ, որ ընտրվել է, և Թուրքիան հիմնական խաղացողներին հասկացնում է, որ եթե «Զանգեզուրի միջանցք» չլինի, ապա պատերազմ կսկսվի՝ հղի բոլորի համար անկանխատեսելի հետևանքներով: Ավելին՝ Հայաստանի ուղղությամբ հնչած կրակոցների իրական հասցեատերը պաշտոնական Երևանը չէ, որը, ի դեմս Նիկոլի, ուղղակի երազում է միջանցք տրամադրելու մասին: Կրակում են առավելապես Իրանի ու ՌԴ-ի («Զանգեզուրի միջանցքը» կդառնա ամենակարճ ուղին ՆԱՏՕ-ական զորքերի համար՝ հայտնվելու ասենք Դերբենտի դարպասների առջև, ուստի Մոկսվայի համար կարևորը միջանցքի վերահսկողության հարցն է. Մոսկվան կողմ է, եթե ինքը վերահսկի այդ ուղին) ուղղությամբ՝ ստիպելու պատնեշ չդառնալ համաթյուրքական պրոյեկտի առաջ, որը, ինչպես հայտնի է, Լոնդոնի աշխարհաքաղաքական նախագիծն է:

Մյուս կողմից՝ բավական ուշագրավ է թուրքերի խորամանկությունը՝ Չինաստանին նույնպես շահագրգռելու միջանցքի բացման հարցում՝չնայած խոշոր հաշվով, առնվազն ինչ-որ պահից սկսած նույն այդ միջանցքը կարող է վերածվել հակաչինական պրոյեկտի Արևմուտքի ձեռամբ ու Թուքիայի ակտիվ դերակատարմամբ: Նույն 44-օրյա պատերազմի ժամանակ Չինաստանի սառը վերաբերմունքը պետք է պայմանավորել միջանցքի վերաբերյալ թուրքական հեքիաթների հանդեպ Պեկինում դրսևորված վստահությամբ. Չինական վերնախավի առնվազը մի հատվածը հակված է թուրքական պրոյեկտի ջրաղացին ջուր լցնելուն՝ ակնհյատորեն անտեսելով անվտանգային ռիսկերը. Չինաստանում կարծում են, որ միջանցքը կօգնի Արևմուտքում Չինասանի ազդեցության տարածմանը, և բանը չի հասնի ասենք անկախ Ույղուրիա ստեղծմանը:

Չինացիները միամիտ են, լավ չեն ճանաչում թուրքերին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել