Hetq.am-ը գրում է.

Մայրաքաղաքում շարունակվում են գովազդային վահանակները և պաստառները օրենսդրությանը  համապատասխանեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ չափորոշիչներին չհամապատասխանող գովազդների ապամոնտաժմանը զուգահեռ՝ ավելի քան 1000 տնտեսվարողի անվճար տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, մատուցվել են դիզայներական ծառայություններ՝ դարձյալ անվճար:   Արդյունքում ապամոնտաժված գովազդների տեղում տեղադրվում են նոր պաստառներ ու վահանակներ, որոնք համապատասխանում են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի կողմից հաստատված գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների ու համաչափությունների նախագծին:

Մայրաքաղաքի փողոցներում տեղադրված գովազդային հին վահանակներն էլ փոխարինվում են նոր, արդի գովազդային կրիչներով: Տնտեսվարողների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արդեն սեպտեմբերին կփոխարինվեն Սայաթ-Նովայի պողոտայի գովազդները:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից կատարվում են նաև հավելյալ գույքագրումներ` մայրաքաղաքում առկա և օրենսդրությանը չհամապատասխանող գովազդների ապամոնտաժման 2-րդ փուլով նախատեսված աշխատանքները սեպտեմբերից սկսելու համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել