Վիճաբանություն՝ «Փակ շուկա»-ի մոտ (տեսանյութ)1in.am-ը գրում է.

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումն իր ակտիվ պայքարն է սկսում՝ զսպելու Հին Երևանի սրտում գտնվող «Փակ շուկայի» սեփականատեր օլիգարխի հարաճուն անհնազանդությունն ու անօրինական գործողությունները: Շարժումն իր առաջին մամլո ասուլիսն անցկացրեց «Փակ շուկա»-ի հարևանությամբ: Իրենց մտահոգություններն արտահայտեցին շարժման ներկայացուցիչներ Գարեգին Չուքասզյանը, Սաշուր Քալաշյանը, Վիգեն Ավետիսը, Անի Քոչարը և Արթուր Իսպիրյանը: 

Արթուր Իսպիրյանի ելույթի ընթացքում մոտեցավ մի տղամարդ և փորձեց հանդես գալ ընդդիմախոսի դերում, որը կանխեց համակարգային վերլուծաբան Գարեգին Չուքասզյանը՝ տղամարդուն կոչ անելով չխոչընդոտել մամլո ասուլիսը: Նա նշեց, որ ցանկության դեպքում կարելի է խոսել ասուլիսի ավարտից հետո: Սակայն բանավեճն այդպիսով չավարտվեց, մի քանի տղամարդ և մի կին փորձում էին խոչընդոտել մամլո ասուլիսը՝ վստահեցնելով, որ մինչ Ալեքսանյանի վերակառուցումը այդ տարածքը եղել է աղբանոց, կռիսանոց՝ լի գարշահոտությամբ, իսկ Ալեքսանյանի շինարարությունից հետո այդ ամենը վերացել է, ուստի չպետք է խանգարել, որպեսզի նա ավարտի շինարարությունը: 

Չուքասզյանի այն պնդումներին, թե իրենք փորձում են իրենց հիշողությունը պահպանել, ընդդիմախոսները չէին ընկալում: Նրանց շարքերում մի կին պնդում էր, թե այդ տարածքում շուկա է լինելու, քանի որ իրեն վստահեցրել են այդ մասին: 

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել