Սեւանը միշտ ծաղկելու է, կանաչելու է եւ դրա դեմը չենք կարող առնել, եթե չլուծենք հիմնական խնդիրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:
«Այն բոլոր միջոցառումները, որ կատարվում են անհրաժեշտ են, բայց բավարար չեն: Սեւանը հիվանդ է, մենք չենք լուծում այդ հիվանդության հիմնական պատճառը. Սեւանի ջրի ծավալը այսօր այն վիճակում է, որ միշտ կկանաչի: Դրա համար կան ռեալ ճանապարհներ, Հայաստանի ջրային ռեսուրսները բավարարում են Սեւանի մակարդակը նախնական տեսքին բերելու համար: Դրա համար հարկավոր է եւ մասնագիտական կամք, եւ քաղաքական կամք երկրի ղեկավարության կողմից, որ այդ խնդիրները լուծենք: Ինչպես ժամանակին լուծեցին Սեւանի մակարդակն իջեցնելու ճանապարհով գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը զարգացնելու հարցը, այդպես էլ հիմա հակառակ կամքը պետք է դրսեւորել: Դրա համար դեռ խորհրդային տարիներին որոշ քայլեր կատարվեցին, կառուցվեց Արփա-Սեւան թունելը: Որոտան-Արփա ջրատարը 21 կմ կառուցվել է եւ մի լիտր ջուր չի հոսել: Հիմա նույնը շարունակվում է, անկախության տարիներին գնացել է Սեւանի ջրերի ոչ մասնագիտական շահագործում եւ բոլոր քննարկումները տարել են միայն մեկ ուղղությամբ՝ մարդկանց բթացնել:
Կանաչելու դեմ մի եղանակ կա, Սեւանի մակարդակը տարեկան բարձրացնել մեկ մետրից ավելի եւ 15-20 տարվա ընթացքում Սեւանի մակարդակը բերենք իր նախնական վիճակին: Այդ դեպքում Սեւանը երբեք չի կանաչի եւ կենդանական աշխարհը, եւ ջրային ռեսուրսները կհերիքեն եւ երկրի համար եւ Սեւանը կանաչելուց փրկելու համար: Ուրիշ ճանապարհ չկա: Մենք առաջարկել ենք ծրագիր կառավարությանը, բայց մարդիկ չեն ուզում լսել»,-ասաց նա: