Ինչպես ասում են՝ գեստը կնոջ նախաբանն է, երբեմն ամբողջ գիրքը: «KROANTS»-ն աշխատում է յուրաքանչյուր հաճախորդի հետ անհատապես և ստեղծում իր ուրույն ոճը: Այն ստեղծվում է բարձրորակ կտորից, համահունչ է միջազգային թրենդներին:
«KROANTS» բրենդի հիմնադիր Աննան Հարությունյանը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է ՝ գիտությունների թեկնածու եւ դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, 4 տարի առաջ որոշեց ոլորտային փոփոխություն կատարել:
«Ինչ-խոսք, ֆինանսական ոլորտը փոքր-ինչ ձանձրալի է ստեղծագործ մարդու համար: Այդ ոլորտում ինձ համար ձանձրալի էր սեւ-սպիտակ դրեսկոդն, ու փորձում էի ամեն կերպ ինչ-որ աքսեսուարներով այն հետաքրքրացնել: Հենց այդպես էլ սկսվեց բրենդի պատմությունը, իսկ այժմ արդեն զբաղվում եմ թե առօրյա, թե երեկոյան հագուստների մոդելավորմամբ»,-պատմում է Աննան:
Դիզայները չի թողել տնտեսագիտական ոլորտը: Նա երբեմն նաեւ դասավանդում է արտասահմանում, միջազգային ծրագրերի շրջանակներում։ Բրենդի հիմնադրման սկզբում Աննան մտավախություններ չի ունեցել, որովհետեւ համոզված էր՝ եթե ցանկությունը մեծ է, ապա հնարավոր է իրականացնել բոլոր երազանքները: Շատ էին ընտանիքի անդամների կողմից խոչընդոտները, ովքեր լինելով տնտեսագիտական ոլորտում կարկառուն ներկայացուցիչներ, չէին ցանկանում որ Աննան զբաղվի հագուստի մոդելավորմամբ:
Այժմ «KROANTS»-ը բավականին հայտնի ու սիրված է Հայաստանում: Իսկ ինչու հենց «KROANTS»: Սա դիզայների հայրական տոհմի անունն է, եւ նշանակում է ամուր, պինդ։ Եվ բրենդի ոգեշնչման աղբյուրն են հանդիսանում հենց ինքնավստահ, հաստատակամ կանայք և աղջիկները։
«Սկզբնական շրջանում, երբ ինձ համար ոլորտը նոր էր, փոքր քայլերով առաջ գնալը դժվար էր: Սակայն ես չէի ցանկանում մեծ ֆինանսական ռեսուրսներ ներդնել, չնայած որ կարող էի: Ինձ պետք էր հասկանալ՝ կարդարացնեմ ինձ այս ոլորտում, թե ոչ»,- հիշում է սկզբնական դժվարություններն Աննան:
«KROANTS»-ի հումքը ներմուծվում է Դուբայից,Իտալիայից և Ֆրանսիայից: Խոսելով այն մասին, թե ինչ խնդիրներ ու թերություններ կան ոլորտում՝ Աննա ասում է. «Լավ կլինի ուսանողները միջազգային ստանդարտներին համապատասխան կրթական հաստատություններում ուսում ստանան: Հայաստանում կան մասնավոր ու պետական շատ հաստատություններ, որոնք սովորեցնում են մոդելավորում, սակայն պրակտիկ կրթության պակասը զգացվում է»:
Դիզայները կարծում է, որ հայկական շուկան արտասահմանյան շուկային չի զիջում թե՛ որակով, թե՛ դիզայնով, իսկ միջազգային հարթակներում հազվադեպ ենք հայտնվում, որովհետեւ մեր նորաձեւության ոլորտը վերջին մի քանի տարիների ընթացքում է թափ հավաքել:
«Միջազգային հարթակներում հայտնվելու համար ֆինանսական միջոցներ էլ են հարկավոր, ինչը բավականին բարդ հարց է Հայաստանի պես փոքր երկրի համար»,- հավելում է նա:
«KROANTS»-ը նաեւ ներկայացված է թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս: Բրենդն աշխատում է շատ հայտնիների հետ: Աննան հայուհիների հետ աշխատանքում առանձնացնում է պահանջկոտությունն ու յուրահատկության ձգտումը. հայուհիները ցանկանում են առանձնանալ թե՛ երեկոյան, թե՛ առօրյա տեսքով:
Բրենդը նաեւ առաջինն էր, ով Հայաստանում ներկայացրեց բնական բյուրեղնեից պատրաստված պայուսակներ: Այս տարվա թրենդներից խոսելիս Աննան նշում է պաստելային մանուշակագույնը, որը 2022-ի գլխավոր գույնն է, սակայն դիզայները նկատում է, որ Հայաստանում այդ գույնի հանդեպ անտարբեր են:
Շուտով նորաձեւության սիրահարները կտեսնեն բրենդի նոր հավաքածուն, ինչպես նաեւ «KROANTS»-ի սիրահարները հնարավորություն կունենան ձեռք բերել իրենց սիրելի իրերը աշխարհի տարբեր անկյուններում: