Միլիոնավոր մարդիկ վերագտել են իրենց հույսը կյանքի հանդեպ քրիստոնեության շնորհիվ, սակայն կան և միլիոնավոր մարդիկ, ովքեր նահատակվել են կրոնական դրդապատճառներով: Աշխարհում մինչ այժմ պաշտոնապես եղել է 265 Հռոմի Պապ: Նրանցից շատերը ապացուցել են, որ հավատարիմ են քրիստոնեական բարոյախոսությանը և արժանացել են մեծ հարգանքի: Այնուամենայնիվ, Հռոմի Պապերի թվում եղել են և այնպիսիք, ովքեր աչքի են ընկել արգահատելի պահվածքով: Նրանք աշխարհիկ վայելքները վեր են դասել իրենց հոգևոր առաքելությունից: Հռոմի Պապերի շարքում եղել են նաև այնպիսի մարդիկ, ովքեր պարզապես չեն կարողացել ժամանակին կողմնորոշվել և ճիշտ ընտրություն կատարել, ինչը երբեմն աղետալի հետևանքներ է ունեցել: Այս Պապերի կյանքից վերցրած պատմությունները ցույց են տալիս մարդկային բնության սխալական կողմերը և հիշեցնում են, որ անգամ Աստծո ծառայողը կարող է ճանապարհից շեղվել: Ահա այդպիսի 10 պատմություն ամենաիշխանատենչ, անբարոյական և անհավատ Հռոմի Պապերի մասին:

10. Բոնիֆացիո VIII (1235 – 1303)

Բոնիֆացիո VIII Պապը (աշխարհիկ անունը` Բենեդետտո Կաետանի)  ծնվել է իտալացի ազնվականների ընտանիքում: Ուսումն ավարտելուց հետո դարձել է Հռոմեական Կուրիայի անդամ, իսկ 1291 թ.-ին` կարդինալ: 1924 թ.-ի դեկտեմբերի 24-ին նա ընտրվեց Հռոմի Պապ:  Իբրև Հռոմի Պապ նրա կայացրած առաջին որոշումներից էր փակել իրեն նախորդած Պապ Կելեստիանուս V –ին Ֆումոնի պալատում: Այնտեղ նրան վատ էին վերաբերվում, և նա մահացավ տասը ամիս անց: Բոնիֆացիոն պապական գերիշխանության ամենամոլի ջատագովը դարձավ: Նա ձգտում էր իր իշխանությունը տարածել ոչ միայն հոգևոր, այլև քաղաքացիական հարցերի ասպարեզում: Միջամտում էր նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին: Սա անշուշտ ժամանակի կառավարիչներից շատերի հետ հակասությունների տեղիք էր տալիս: Այդ կառավարիչներից մեկն էլ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV-ն էր: Պապին զայրացնում էին նրա` կրոնավորներից հարկեր պահանջելու ռազմավարությունը: Սա հանգեցրեց մի շարք պապական բուլլաների թողարկման, որոնց կիզակետը եղավ հայտնի «Unam Sanctam»-ը, համաձայն որի ամբողջ աշխարհիկ և հոգևոր իշխանությունը պիտի պատկաներ Պապին: Նա նաև ընդհարումներ է ունեցել Կոլոննաների ընտանիքի հետ, ինչի արդյունքում նրանց քաղաքներից մի քանիսը ջախջախվել են: Օրինակ` Պալեստրինան գետնին հավասարվեց, և 6000 բնակիչներ սպանվեցին: Նա հարուցել է նաև Դանթե Ալիգիերիի զայրույթը, ով իր «Աստվածային կատակերգության» մեջ ներկայացնում է Բոնիֆացիոսին որպես խաբեբա: Բոնիֆացիոսին երբեք էլ չհաջողվեց բացարձակ իշխանություն ձեռք բերել: Զարմանալի չէ, որ նրա անհագ իշխանատենչության պատճառով նրան ծեծի ենթարկեցին այն մարդիկ, ովքեր հրաժարվում էին ենթարկվել նրան: Այս դեպքից մի ամիս անց Պապը մահացավ:

 

9. Լեո X (1475 – 1521)

Լեո X Պապը շվայտ կյանք էր վարում: Նրա սիրելի խոսքերից էր «Քանի որ Աստված տվել է Պապ լինելու հնարավորությունը, պետք է առավելագույնս վայելել դրա պտուղները»: Ինչպես Ալեքսանդր Դյուման կասեր, «Քրիստոնեությունը հեթանոսական բնույթ էր ստացել», քանզի Լեոն տարվել էր աշխարհիկ վայելքներով: Նրա աշխարհիկ անունը Ջիովանի Մեդիչի է: Ծնվել է ազդեցիկ ընտանիքում և Պապ է դարձել ընդամենը 37 տարեկան հասակում: Նա բարձր էր գնահատում արվեստի, կրթության և բարեգործության դերը, և անհերքելի է, որ ինչ-որ չափով մարդկանց աչքում բարձրացրեց եկեղեցու հեղինակությունը: Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել, որ նա թուլություն ուներ փողի և քաղաքական առաջխաղացման էր ձգտում, ինչի արդյունքում էլ շուտով եկեղեցու գանձարանը գրեթե ամբողջովին դատարկվեց: Շուտով Պապը ստիպված էր գրավ դնել պալատի կահույքը, զարդերն ու քանդակները, ինչպես նաև խոշոր գումար պարտք անել: Նրան մեղադրում էին ոչ միայն շվայտ կյանք վարելու, այլև նույնասեռականության մեջ: Ըստ որոշ աղբյուրների` նրա մահը վրա է հասել անկողնում մի երիտասարդի հետ կենակցելիս:

 

8. Կլեմենտ VI (1291 – 1352)

Կլեմենտ VI Հռոմի Պապի աշխարհիկ անունը Պիեռ Ռոջեր է: Նա առանձնապես աչքի չէր ընկնում դաժանությամբ: Սև ժանտախտի ժամանակ ջանք չէր խնայում այս հիվանդությունից տառապող հրեաներին ապաստարան տալու համար: Նա սեր էր տածում արվեստի և կրթության հանդեպ, և հաճախ նրան բնորոշում են իբրև ջենտլմեն, սակայն նա միևնույն ժամանակ չափազանց տարված էր աշխարհիկ վայելքներով: Իր իսկ խոսքերով` նա մեղավոր էր մեղավորների մեջ: Նրա ցոփ ապրելակերպի պատճառով եկեղեցու խնայողությունները շուտով սպառվեցին, և նա ձեռնամուխ եղավ հարկերը բարձրացնելուն: Նա հայտնի է նաև իր բազում սիրային արկածներով: Այս ամենը գուցե այնքան էլ չվնասեր աշխարհիկ մարդու համբավին, սակայն պետք չէ մոռանալ, որ Կլեմենտը հասարակ տղամարդ չէր. նա ընտրվել էր Հռոմի Պապ:   

 

 

 

 


 7. Ուրբանուս II (1035 – 1099)


Ուրբանուս II-ի աշխարհիկ անունը Էդ (Օդո) դե Շատիլիյոն դե Լաժերի էր: Նա շնորհալի դիվանագետ և հաջողակ առաջնորդ էր: 1088 թ.-ին նա Հռոմի Պապ դարձավ: Հոգևորականների համար մի շարք բարեփոխումներ մտցրեց, սակայն նրան ամենից հաճախ հիշում են այն բանի համար, որ նա մասնակցել է մահմադականների դեմ արյունալի պատերազմի կազմակերպմանը: Պատերազմը հետագայում հայտնի դարձավ Առաջին խաչակրաց արշավանք անունով: 1095 թ.-ին Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս I-ը խնդրեց Ուրբանուսի աջակցությունը, որպեսզի նրանք միասնական ուժերով պայքարեին թուրքերի դեմ, ովքեր գրավել էին Անատոլիայի մեծ մասը: Դրանից հետո սկսեց խաչակրաց արշավանքը, որը միտված էր ազատագրել արևելյան եկեղեցիները և Սուրբ Երկիրը մահմեդականների լծից: Թուրքերի կատարած վայրագությունները կաթոլիկների զայրույթն էին հարուցում: Ուրբանուսը մեղքերի թողություն երաշխավորեց բոլոր նրանց համար, ովքեր կմասնակցեին կռվին, և նրան հաջողվեց ջերմեռանդ մարտիկների բանակ հավաքել ու ընդվզումներ կազմակերպել: Առաջին խաչակրաց արշավանքի արդյունքում հաջողվեց հաղթանակ տանել մահմեդական ուժերի նկատմամբ, սակայն այդ հաղթանակը շատ թանկ նստեց: Պատերազմող երկու կողմերում էլ մեծաթիվ մարդկային զոհեր եղան: Առաջին խաչակրաց արշավանքը մինչ այժմ էլ հիշվում է իբրև եկեղեցու պատմության ամենաարյունոտ էջերից մեկը:    

6. Հուլիոս III (1487 – 1555)

Հուլիոս III-ը Հռոմի Պապ դարձավ 1550 թ.-ին: Նրա վաղ եկեղեցական կարիերան բավականին հաջող էր, սակայն Պապ դառնալուց հետո նրա գործունեությունը արդյունավետ չէր: Նա չէր խառնվում քաղաքական գործերին, սակայն կրոնական գործերին ևս առանձնապես ակտիվ մասնակցություն չէր ունենում: Նա իր ժամանակի մեծ մասն անց էր կացնում անձնական պահանջմունքներին հագուրդ տալով, ըմբոշխնելով աշխարհիկ վայելքները: Այն բանից հետո, երբ ջրի երես դուրս եկան նրա հարաբերությունները Ինոսենզո անունով պատանու հետ, նրա հեղինակությունը կտրուկ ընկավ: Հուլիոսը տղային հանդիպել էր, երբ նա փող էր մուրում: Նա որդեգրել էր այս մուրացիկ տղային` իբրև իր զարմիկի: Դա եղել էր նախքան Հուլիոսի Պապ դառնալը: Պապ դառնալուց հետո Հուլիոսը կարդինալի կոչում շնորհեց մուրացիկին և նրան մի շարք պարգևներ ընծայեց: Իրականում որոշակի նշաններ կային, որոնցից երևում էր, որ Հուլիոսի և Ինոսենզոյի հարաբերությունները սովորական ընտանեկան հարաբերություններ չեն, այլ ինտիմ բնույթ են կրում: Ըստ բազում աղբյուրների` Հուլիոսը երկար ժամանակ սեռական կապի մեջ է եղել այս երիտասարդի հետ:

Շարունակելի… 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել