Չկա ավելի ազնիվ հիվանդություն, քան սերը հայրենիքի նկատմամբ։
Հայրենիքի կորուստը վաղեմություն չունի: Հայրենիքին համահավասար փոխարժեքներ գոյություն չունեն:
Հայրենիքը պատկանում է ամբողջ ժողովրդին՝ անցած դարերի բոլոր մեռածներից մինչև ապագայում ծնվելիք բոլոր սերունդները:
Տարիներ առաջ միջազգային ուժերի կողմից տարածում է գտել «Հող՝ խաղաղության դիմաց» կարգախոսը, որով մեծ տերությունները Իսրայելին հարկադրում են հանուն խաղաղության հրաժարվել իր տարածքի որոշ մասերից, որոնք ազատագրվել էին տարիներ առաջ:
Հրեա ժողովուրդը անընդունելի համարեց այդ կարգախոսը: Իսրայելի վարչապետ Ռաբինի սպանությունը, համաժողովրդական քվեարկությամբ Նաթանյահուի իշխանության գլուխ գալը ցույց տվեցին, որ դարեր շարունակ հայրենիքի համար պայքարած, պատերազմներից հոգնած, բայց անկախություն ձեռք բերած հրեա ժողովուրդը մերժեց «հող՝ խաղաղության դիմաց» կարգախոսը:
Նմանատիպ իրավիճակ 90ականների վերջին առաջացել էր նաև մեր հանրապետությունում: Ազգային ուժերը, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, ստանալով սոցիալապես ծանր վիճակի մեջ գտնվող, բայց անզիջում վճռականությամբ տոգորված հայ ժողովրդի աջակցությունը, հարկադրեցին հրաժարական տալ այդ օրերի թույլ և պարտվողական նախագահին ու իր վարչակազմին:
Ապրիլյան վերսկսված պատերազմի ժամանակ հայությունը ցույց տվեց այս հարցում իր միասնականությունը: Քաղաքացին զգում էր, որ անկախ բոլոր ներքին տարաձայնություններից պետությունն ունի ազգային ղեկավար, ով չի խոնարհվի թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ, իսկ զինվորը զգում էր, որ ունի գերագույն հրամանատար, ում ձեռքը չի դողա Իսկանդերի համազարկի հրաման տալ: Իշխանությունն էլ զգում էր, որ պետության ներսում կա «կոնսենսուս»` պայքար հանուն Հայրենիքի: Այս ամենը հանգեցրեց Քառօրյայի հաղթանակին:
44 օրյա պատերազմի ժամանակ էլ հայությունը միախմբվեց, պարզապես այս անգամ չկար ո´չ պետությունը, ոչ գերագույն հրամանատարը: Աշխարհասփյուռ հայության օգնությունը կամ մաս-մաս հասան դիրքեր, կամ անհետացան, կամ մինչ օրս չեն մաքսազերծվել` զրահաբաճկոն, դեղորայք և այլն: Զինվորը կռվում էր ամեն ինչի ու ամենքի դեմ, բայց ստանում էր հարված մեջքից: Սպանվում էր ոչ միայն թուրքական բայրաքթարերից, այլև իշխանությունը զավթած հոգով թուրքերի ապաշնորհության, ապիկարության ու դավաճանության պատճառով:
Այսօր հայը կանգնած է` Հայրենիք, պետություն, պետականություն ունենալ-չունենալու ընտրության առջև: Ես վստահ եմ ինչպես 90-ականներին, այնպես էլ հիմա` ազգային ուժերն ու հայ ժողովուրդն անելու են իրենց «քայլը»: Իշխանափոխություն լինելու է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid0GT3d6awA4hcLVJu1hEUoNw4DYZxABGGG1x7AaH7fx5uWJDwufaL6p8KPRHttPMLEl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել