Բասկերը Արևմտյան Եվրոպայի հնագույն ժողովուրդն են: Նրանց գոյությունը տարածաշրջանում ավելի քան երեք հազար տարվա պատմություն ունի: Նրանց թվաքանակը աշխարհում հասնում է մեկ միլիոնի, և այժմ բնակվում են իսպանական Ալավա, Հիպուսկոա, Բիսկայա նահանգներում և ֆրանսիական Նավարայում: Տեսակով, մշակույթով, լեզվով բասկ ժողովուրդն էապես տարբերվում է Արևմտյան Եվրոպայի մյուս ժողովուրդներից: Որտեղի՞ց են նրանք. տեղաբնա՞կ են, եկվո՞ր… Հարցեր, որ արդեն քանի հարյուրամյակ մտատանջում են ուսումնասիրողներին: Համենայն դեպս, նրանք Եվրոպայի մյուս ժողովուրդներից շատ առաջ զբաղվել են մետաղագործությամբ և ցորեն են աճեցրել: Բասկերի հայկական ծագման մասին շատ է խոսվել, և դա սոսկ հայկական սնափառության դրսևորում չէ: Այդ մասին առաջինը բարձրաձայնեցին հենց օտարազգի գիտնականները: Դեռևս 1610 թ. իսպանացի պատմաբան Գասպար Էսկոլանոն Վալենսիա քաղաքի մասին իր պատմության մեջ գրում է, որ համաշխարհային ջրհեղեղից հետո ոմն Տուբալի Հայաստանից իր ընտանիքով հաստատվել է Իսպանիայի արևելքում: Ըստ Էսկոլանոյի` հենց հայերն են եղել ներկայիս Իսպանիայի առաջին բնակիչները: Էսկոլանոյից հետո այդ մասին երկար ժամանակ այլևս ոչ ոք չխոսեց, սակայն երկու հարյուրամյակ անց բասկերի հայկական ծագման մասին մի քանի աշխատություններ հրատարակվեցին: Առաջինն այդ մասին XIX դարավերջին արտահայտվեց հանրահայտ բասկագետ, անգլիացի գիտնական Էդվարդ Սպենսեր Դոջսոնը: Հենց նա իր հետազոտության արդյունքում առաջ քաշեց բասկերի հայկական ծագման մասին տեսությունը: Իր տեսակետի հիմնավորման համար Դոջսոնն անգամ Փարիզի հատուկ դպրոցում հայերեն ուսումնասիրեց: Դոջսոնն իր տեսության հիմքում դրել է հայերենի և բասկերենի շատ ընդհանրություններ: Շատ չանցած` «Էուսկերա» ամսագրում նա հրատարակեց իր սենսացիոն նյութը` «Բասկերեն բառերը հայոց լեզվում» վերնագրով: Հոդվածի մեջ Դոջսոնը բերում էր հայերենի և բասկերենի ընդհանրական հիսուն բառ: Հոդվածի մեջ, ճիշտ է, Դոջսոնը զերծ է մնացել որևէ բացատրություն կամ եզրահանգում տալուց: Առհասարակ հայերենի և բասկերենի հարյուրավոր բառեր են համընկնում. ելք, եթե, ժառանգ, մռնչալ, որմ, տեղ, թույլ, լայն, երեք, հաստատուն, գարի, աճել, ընկույզ, հերկել, հորթ, այծ, հոտ, մածուն… Սակայն Դոջսոնն իր ուսումնասիրության նյութը չզարգացրեց, և թվում էր` գիտական աշխարհը մոռացավ նրա տեսության մասին: Միայն 1920-ականներին բասկերի հայկական ծագման թեմային անդրադարձավ ազգությամբ բասկ, ակադեմիկոս Բեռնարդո Էստորնես Լասան, որ Վիեննայում ֆրանսերեն լույս ընծայեց բասկ ժողովրդի մասին իր աղմկահարույց աշխատությունը: Ինքը՝ Լասան, իր ուսումնասիրության նյութերը քաղել է մինչ այդ Նավարայում բանահավաքչության աշխատանքներ կատարելիս և հանգել հետաքրքիր եզրահանգման: Նա իր ուսումնասիրության մեջ շատ ավելի հեռուն գնաց և առաջ քաշեց այն տեսությունը, որ հայերը հնում վերաբնակեցրել են Ֆրանսիայի Նավարա նահանգը, որտեղից էլ առաջացել է բասկ ժողովուրդը: Նավարայում հայերի առաջին բնակավայրը Լասան համարում է Իսաբա գյուղը: Լասան անգամ հայտնում է առաջին հայի անունը, որ հաստատվել է Նավարայում: Նա Այթորն է, որ իր յոթ զավակներով և ընտանիքով Հայաստանից տեղափոխվել է Նավարա և հաստատվել Իսաբայում` այնտեղ միաժամանակ յոթ բնակավայր հիմնելով: Նա էլ համարվում է բասկ ժողովրդի նախահայրը: Համաձայն Լասայի` հենց Այթորն է Եվրոպա բերել մետաղի մշակման գաղտնիքները և Եվրոպայում մետաղագործության հիմքը դրել: Հետաքրքիր է, որ բասկերենում Իսաբա գյուղի անունը թարգմանվում է հենց «նախնյաց հետք»: Ավելին` մինչ օրս Իսաբայում Էրմինիա անունով ճանապարհ (փողոց) գոյություն ունի, և բասկերի ազգային ավանդույթը պատմում է, որ հենց այդ ճանապարհով է Այթորը եկել Հայաստանից և հաստատվել Նավարայում: Լասան իր աշխատության մեջ բերեց շուրջ 300 բառ, որոնք համընկնում են հայերենում և բասկերենում: Հենց շնորհիվ Լասայի աշխատության հետին պլան մղվեց բասկերի վրացական ծագման մասին տարածված վարկածը: Իսկ այս վարկածի ջատագովների, հիմնական խաղաքարտը բասկյան այբուբենի նմանությունն է վրացական այբուբենին. բասկյան այբուբենը, ինչպես և վրացականը, մեծատառեր չունի: Գործին խառնվեցին նաև լեզվաբանները: Նրանց ուսումնասիրությունն առավել ցնցող էր. պարզվում է` հին բասկերենում «Այթոր» բառը թարգմանվում է` «Հայայից եկածներ»: Բառը կարելի է ստուգաբանել նաև հայերենով` հայի թոռ… Այս վերջին տեսակետն ավելի ուշ առաջ քաշեց գերմանացի տեսաբան և լեզվաբան Յոզեֆ Կարստը: Բասկյան ավանդույթից պարզում է, որ վերոհիշյալ առեղծվածային Այթորն իսկապես թոռ է ունեցել Պասկամ անունով, որից էլ հնարավոր է՝ առաջացել է բասկ էթնանունը: Բասկերենում մինչ օրս առկա է «այթորեն սէմէ» արտահայտությունը, որ նշանակում է զտարյուն բասկ: Միգուցե դա կարելի է վերծանել որպես Այթորից սերվա՞ծ, ինչը տառացի համընկնում է արտահայտության բասկերեն իմաստի հետ: Սակայն սա դեռ հայտնագործության չնչին մասն էր: Կարստը նաև ուսումնասիրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ բասկերն իրենց մարդաբանական տեսակով արմենոիդ են: Առհասարակ Կարստը, որ լավ ուսումնասիրել էր հայոց լեզուն, կարծում էր, որ հենց հայերենն է հնդեվրոպական մայր լեզուն… Նրա տեսությունը, ինչ խոսք, լուրջ դիմադրության հանդիպեց եվրոպացի այլ ուսումնասիրողների կողմից, և Կարստն այդ պատճառով շատ թշնամիներ վաստակեց: Ազգությամբ բասկ Էստեբան դե Գարիբայը և Բալթազար դե Էչավեն բասկերի հայկական ծագումը հիմնավորեցին տեղանունների նույնացման փաստերով: Մասնավորապես Բասկոնիայում կա Արաքս գետ, որը ինչպես հայերի, այնպես էլ բասկերի համար սրբազան գետ է համարվում: Բասկերն ունեն նաև իրենց Արարատ սարը` Արալարը: Սա դեռ բոլորը չէ: Բասկոնիայում կան Աշտարակ (Ֆրանսիայի հարավում), Գորիս, Դեբա (գուցե Դեբե՞դ), Շուբրիա (հիշենք Արմենիա-Շուպրիա), Առան, Կառկառ, Կարբի բնակավայրեր… Սա, ինչ խոսք, չի կարող պատահականության արգասիք լինել: Ուսումնասիրողներն անգամ Միջերկրական ծովի ափին գտնվող Տարագոնա քաղաքի հիմնադրումը համարում են հայերի գործը: Միգուցե Տարագոնան Տարոնն է, որը հնագույն աղբյուրներում հայտնի է Տարավնա անվամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել