Էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց` միայն վերջին 3 ամսվա ընթացքում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը․

«Մտահոգիչ վիճակագրություն`էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց` միայն վերջին 3 ամսվա ընթացքում:

Վերջերս, Երևանում շատերին կհանդիպեք ինքնագնաց ամենագլորներ վարելիս:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց ինքնագնաց ամենագլորներ վարելիս բազվաթիվ վնասվածքներով քաղաքացիներ են հոսպիտալացվում:

Ամենագլորներ վարողները խոչընդոտների հանդիպելիս, տրանսպորտային միջոցների բախվելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստանում: Եղել են դեպքեր, երբ ինքնագլորը վարել է երկու կամ երեք անձ, այդ պատճառով կորցրել են կառավարումը և հարվածել կայանված կամ երթևեկող ավտոմեքենայի:

Միգուցե ինքնագլորները էկոլոգիապես մաքուր, հարմար և մատչելի փոխադրամիջոց են և արագ շրջանցում են խցանումները, բայց անտեսում են հնարավոր վտանգները, ուստի կարծում եմ պետք է որոշակի կարգավորումներ իրականացվեն այս խնդրին լուծում տալու նպատակով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել