168.am-ը գրում է․

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրերս Ապարանում տեղի ունեցած արյունալի միջադեպին, որի հետ կապում են նաև իր եղբոր անունը։

Իշխանական պատգամավորի խոսքով՝ Ապարանում տեղի ունեցած դեպքն իր համար ցավալի է։

«Ցավակցում եմ մահացածների հարազատներին, ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ևս մեկ հայրենակից։

Առհասարակ չեմ ուզում խոսել Ապարանի դեպքերից, որովհետև ես արդեն գրառմամբ ասել եմ այն, ինչն իմ կողմից պարտավոր եմ համարել ասելու։

Կարծում եմ՝ դուք լրագրողներ եք, ոչ թե քննիչներ, եկեք ամեն մեկին թողնենք, թող իր գործով զբաղվի։ Հիմա ես զերծ կմնամ տվյալ դեպքի մանրամասներին անդրադառնալուց և այդ ամբողջը կթողնեմ քննչական համակարգին»,- նշեց Մաթևոս Ասատրյանը։

Հարցին՝ անձամբ եղբոր հետ խոսե՞լ է, պատգամավորը պատասխանեց՝ կրքերն այժմ բորբոքված են, և բոլորին հայտնի է, որ Ապարանը բոլորի համար եղել է մի մեծ տուն։

«Վստահ եմ, որ նույնիսկ այն մարդը, որը գնացել է այդ քայլին, ինքն էլ չի ցանկացել դա անի։ Ես չգիտեմ՝ ովքեր են, չեմ ճանաչում, բայց որևէ մեկի համար դա ընդունելի արարք չէ։ Ինչ վերաբերում է մանրամասներին, նորից եմ կրկնում, չեմ ուզում այդ մանրամասների մեջ մտնեմ, քանի որ քննչական գործողություններ են ընթանում։ Իմ եղբայրը քննչական գործողությունների դեռևս չի մասնակցել, իրավապահների կողմից չի հրավիրվել»,- հավելեց նա։

Ըստ պատգամավորի, շահագրգռված է, որպեսզի տեղի ունեցածը բացահայտվի, ինքն էլ ինչով կարողանա է՝ օգնելու է։

«Այս կորուստն ինձ համար էլ է ծանր։ Սա ոչ թե ինձ արդարացնելու համար է, այն էլ այն դեպքում, երբ ես իմ տանը նստած՝ լկտիաբար ինձ քաշում են նմանատիպ հարցերի մեջ։ Սկզբում ինձ էին ներքաշում, սկզբում դա սարքեցին քաղաքական հարց, որից հետո փորձեցին մեկ այլ մեկնաբանություններով շեղել այս ամենը»,- շեշտեց նա։

Հաջորդ հարցին՝ կարո՞ղ եք հստակ ասել, որ այդ միջադեպին որևէ ՔՊ-ական կամ ՔՊ-ականի ազգական ներգրավված չի եղել, պատգամավորը պատասխանեց, որ երկու օր առաջ Ապարանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ շատ հարցեր են քննարկվել։

«Լրագրողների կողմից հարց հնչեց իմ եղբոր առնչության մասին, ով եղել է, նա որոշ չափով դրա պատասխանը տվեց։ Այնտեղ 100-ից ավելի մարդ է եղել, թե ով ինչ առնչություն ունի միջադեպի հետ, թող քննությունը պարզի։

Այո, իմ եղբայրը եղել է այնտեղ, դա գազալցակայան է, մեզանից յուրաքանչյուրը կարող էր լինել այնտեղ։

Այդ միջադեպի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցություն չեմ ունեցել»,- եզրափակեց պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել