Առավոտ կանուխ մի կին եկավ մոտս, ասաց, քանի որ ես արդար մարդ եմ, ինձ պարտավոր է պատմել. իր դուստրը ամուսնալուծվել է փեսայից, դատարանը որոշել է երեխային թողնել ամուսնու մոտ: Հիմքեր չկան, ասաց, 4 հոգեբան իրենց եզրակացությամբ գտել են, որ երեխան պիտի մոր մոտ մնա, մեկը` փեսայի քաղաքից, գրել է, թե երեխան յոլա չի գնում մոր հետ` պիտի մնա հոր մոտ: Չեն օգնել բազմաթիվ թարմ լուսանկարները, որոնցում մայրն ու երեխան գրկախառնված են սիրով եւ գորովանքով, նկարներն էլ ցույց տվեց: Վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան: Հարցնում եմ` ե՞ս ինչ կարող եմ անել..., ասում է` գոնե կպատմեք էս մասին մարդկանց, թող էդ դատավորը խայտառակ լինի: Գործում նայեցի, երեխայի մոր դեմ ոչինչ չկար: Կինը ողբում էր ուղղակի, մի քանի անգամ արտասվեց, վերջը չդիմացավ, պատմեց այսպես, որ դատավորը 500 դոլար է ուզել իրենից երեխային մոր հետ թողնելու վճռի համար, ինքը բացատրել է, որ չունի` ունենար` կտար, դատավորն իրենն է զոռել, կինը ստիպված բացատրել է, որ իր ամուսինը 2 ամիս առաջ է մահացել, ծախս են արել, իսկապես չունի, պարտք է արել, 200 դոլար, առաջարկել է դատավորին, խոստացել է մնացած 300-ը փակել 2 ամսում: Դատավորը չի զիջել, կինը դատավորին առաջարկել է մնացած 300-ի փոխարեն գնալ ծովափնյա մի շքեղ հանգստավայր` իր եղբոր տանը հանգստանալու` անվճար, սնունդը եղբոր ընտանիքի վրա: Դատավորը մնացել է անդրդվելի: Կինը, որ կլիներ մոտ 60 տարեկան, լալիս էր մոտս, ասաց, թե հաստատ գիտե, որ նախկին փեսայից 1.000 դոլար է վերցրել դատավորը... Ասաց` չկարողացա դատավորի հետ իմ բազարը ձայնագրել, գոնե կդատեին դատավորին...
... առավոտ հենց տեսնում են` մեքենաս կանգնած է ակումբի առաջ, իրար իմաց են տալիս ու այսպես գալիս, օրական 4-5 հոգի` ամենքը իր դարդերով: Որ գրեմ, մատյան ողբերգության կդառնա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել