Panorama.am-ը գրում է․

«Աշխատության մեջ կա հատուկ գլուխ, որը վերաբերում է Արցախի աշխարհաքաղաքական ներուժին: Արցախի կորուստը, իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանի կազմում չի լինելու Արցախ, բերելու է անկանխատեսելի հիմնարար աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխությունների»,-«Արցախի հիմնախնդիրը և ԱՀ արտաքին քաղաքականությունը. Փաստեր և խորհուրդներ առանցքային գաղափարների և բանալի հասկացությունների վերաբերյալ» վերնագրով աշխատության շնորհանդեսի ժամանակ հայտնեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ Արցախի կորստից հետո ստեղծվելու է լրիվ այլ գլոբալ հավասարակշռվածություն, քանի որ աշխարհում կան փոքր կետեր, որոնցից կարող է կախված լինել ապագան՝ գլոբալ առումով:

Առաջարկելով մի պահ պատկերացնել, որ Արցախը չի լինելու՝ ԱՀ ԱԳ նախարարն ասաց. «Այդ դեպքում հոսանքներից մեկը, որը 100%-ով Անդրկովկասում կունենա գերակշռող դոմինանտ դիրք, այն պանթյուրքիզմն է լինեու, իսկ դրանից կարելի է ակնկալել նաև այլ զարգացումներ՝ նրա ներթափանցում Կենտրոնական Ասիա, Հյուսիսային Կովկաս, Մերձավոր Արևելք, մինչև Չինաստանի Սինցզյան և այլն»:

Ըստ Բաբայանի՝ աշխարհաքաղաքականությունն ունի նորմեր, բայց մարդկությունը թևակոխել է մի դարաշրջան, որ գաղափարները, նորմերը դարձել են երկրորդական, ինչը սակայն չի նշանակում, որ հայ ժողովուրդը չպետք է իմանա իր անցյալն ու ներկան:

«Որովհետև մեր ամենամեծ խնդիրը մենք ենք, մենք է, որ պետք է իմանանք այս ամենը, որովհետև շատերը չգիտեն նույնիսկ թե ո՞րն է Արցախի և Ղարաբաղի տարբերությունը: Ո՞վ է դրանում մեղավոր՝ թո՞ւրքն է մեղավոր, թե՞ ադրբեջանցին, որ մենք չգիտենք այդ ամենը: Հետևաբար պետք է առաջինը ինքներս հավաքվենք, հասկանանք ինչ ունենք, ի մի բերենք ամենը: Եթե մենք չգիտնեք, թե ինչ ունենք, ինչ առավելություններ և խոցելի տեղեր, ապա սխալներ ենք թույլ տալու»,-նկատեց Դավիթ Բաբայանը և աշխատությունը փոքր միջոց համարեց ինչ-որ երևույթներ շտկելու համար:

Նա հայտնեց, որ մարդկի պետք է իմանան ՄԱԿ-ի բանաձևերի մասին և հայտարարեց, որ այդ բոլոր 4 բանաձևերն էլ ճանաչում էին Արցախի սուբյեկտայնությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել