Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական նախաձեռնությունների եւ զարգացման համատեղ կենտրոն են ստեղծում։ Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիան՝ նշելով, որ  Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համապատասխան համաձայնագիր ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

Կայքի հետ զրույցում Վանան Քերոբյանն ասել է, որ կենտրոնը թույլ կտա լավագույն մեթոդաբանությունները ներդնել ՀՀ տնտեսության տարբեր բնագավառներում եւ ինքնատիպ լրացուցիչ ինստիտուտ կդառնա էկոնոմիկայի նախարարության համար։

ՌԴ մասնագետներն իրենց փորձն են կփոխանցել տարբեր ուղղություններով` սակագնային կարգավորում, ոլորտների ռազմավարական զարգացում, թվային, վերլուծական տվյալները հաշվի առնելով` խնդիրների համատեղ ընկալում։

«Առիթից օգտվելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել Մաքսիմ Գենադեւիչին, քանի որ նա ամեն բան արեց, որ կենտրոնը սկսի գործել եւ մենք ռուսական փորձն ընդօրինակելու հնարավորություն ունենանք... Մենք արդեն գիտենք` ինչից ենք սկսելու, եւ կարծում եմ` մեզ համար սա շատ արժեքավոր փաստաթուղթ է, որը մոտ ապագայում լավ արդյունք կապահովի Հայաստանին», – ասել է նախարարը։

Կենտրոնը կստեղծվի երկու ամսում, կսկսի գործել 2023 թվականին։

Համաժողովի շրջանակում Քերոբյանը առեւտրատնտեսական եւ զբոսաշրջային ոլորտներին ուղղված համագործակցության հուշագիր ստորագրեց Տյումենի մարզի հետ, ինչպես նաեւ պայմանագիր` մետրոյի կայարանի շինարարության վերաբերյալ (30-40 մլն դոլար արժողությամբ նախագիծ)։ Խոսքը Հրազդան գետի աջ ափին գտնվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի մասին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել