- Երբ ես գրում էի, դու ի՞նչ էիր անում:
- Ես մեռնում էի մեջքիս ցավերից…
- Մեռնո՞ւմ ու լռո՞ւմ…
ի՞նչեր ես ասում:
- Կոնքերիս ցավը բռնել էր կրկին,
արյունս, չասված անդեմ խոսքերից,
ելնում էր երկինք,
ու նորից իջնում երկրի շրթունքին…
… Ես սպասո՜ւմ էի… 
Ասոլի նման…
բայց ոչ թե կարմիր առագաստներին,
ալ այն հպարտ, խելառ ձիուն առանց ոսկոր,
սպասում էի, որ նա կգա ու կբացվի
մթից դեպի լույսը տանող ճամփան բոսոր:
կրծքերումս շունչն էր գարնան,
… Հեշտ ու թեթև իջնում էր վար:

- Իջնում էր վա՞ր…
- Ախ դու պոե՜տ, ազնի՜վ, 
հիմա՜ր,
մի՞թե դու չես հեղինակը այս տողերի.
« Անդունդդ սուրբ, թող իմ վերջին վայրը լինի,
ու շուրթերդ՝ դուստր թե մայր,
փարոսներս լինեն անմար…»
Երկա՜ր սպասեցի,
հոսող գետակին վարդեր նետեցի:
ջուրը կարմրեց,
քրտի՜նք էր, 
արյո՜ւն,
վրդովված մի ձա՛յն,
մի ո՛ւժ էր հզոր,
որ արձագանքեց ոտքերիս գլխի
Լռությանը խոր…

- Ու լռո՞ւմ էիր:
- Ո՜չ, բղավո՜ւմ էի..
« Կա՛նգ առ ժամանակ,
սանձի՛ր վազքդ վայրկյանի,
միգուցե նա արթնանա,
ու գրիչն իր թղթիս վրա
դանդաղ գնա ավելի…»

- Չհասկացա սիրելիս,
դու կարդո՞ւմ էիր ուսիս վրայից:
- Ես մեռնում էի կոնքերիս ցավից:
Գեղեցի՞կ եմ ես:
Ես չեմ մոռացել, որ գրել էիր սեփական ձեռքով
« Կի՛նն է գեղեցիկ, որ փակ աչքերով 
մոտենում է հեզ, 
տրվում լիապես,
հետո շրջվում է մեջքով դեպի քեզ…»

- Ու լռո՞ւմ էիր…
- Ո՜չ, մտածո՜ւմ էի…
Թե ի՞նչ անեմ ժամերն այն,
որ լափում ես այնպես անփույթ ու դաժան:
ի՞նչպես անեմ,
որ ոտքերս, աղմկոտեն ափերդ,
ի՞նչպես անեմ,
որ մարմինս, ցավեցնեն քո 
աղավնու զույգ ձագերը…

- Դու պոե՞տ ես:
- Ո՜չ, ես միայն այն ասացի,
ինչ քիչ առաջ քո սեղանին կարդացի…
Բայց հավատա,
Մեռնո՜ւմ էի…
- Մեռնել ու լռե՞լ
- Չէի ցանկանում ես քեզ խանգարել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել