Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ, արձագանքելով Փաշինյանի այս խոսքերին, զարմացած խոստովանեց․ «Ոնց որ ես էլ եմ այս ծրագրի շահառու, բայց չգիտեի»։
Իրականում, սոցիալական ոլորտի այս ծրագրերի մասին հանրության ոչ բավարար իրազեկվածության թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն այս դեպքում սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն է։ Այդ նրա միջոցով պետք է հանրությունն իրազեկվի այս ծրագրերի մասին, որոնք կառավարությունը փորձում է, որպես հազարավոր զոհերի ու իրենց գործած բազմաթիվ չարիքների «փոխհատուցում», ծախել հանրության վրա։ Իրազեկման լավագույն աղբյուրը լրատվամիջոցներն են, որոնց հետ Փաշինյանի մտքերին ծափահարող նախարարը որեւէ կոնտակտ չի պահում։ Ճիշտ է, նախարարության մամուլի ծառայությունն ու խոսնակը պարբերաբար իրենց էջերով ինչ-որ հաղորդագրություններ են տարածում տարատեսակ ծրագրերի, այդ թվում՝ նախարարի անպտուղ վոյաժների ու մանկատնային այցերի մասին, բայց անձամբ նախարարը լրատվամիջոցների հետ ամենաչշփվող, լրագրողներից մշտապես փախչող պաշտոնյաներից է։
Կառավարության նիստից հետո, օրինակ, չի եղել մի դեպք, որ Նարեկ Մկրտչյանն իջնի գլխավոր մուտքով ու ճեպազրույց ունենա ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ներկայացնի իրենց ծրագրերն ու պատասխանի լրագրողների հարցերին։ Մինչդեռ նա, լինելով հասարակության համար ամենակարեւոր գերատեսչություններից մեկի ղեկավարը, զրո կապ է պահում պետություն-հասարակություն կապն ապահովող թիվ մեկ ինստիտուտի՝ ԶԼՄ-ների հետ։ Ընդամենը մեկ անգամ մամուլի ասուլիս է հրավիրել, ու վերջ, մի անգամ էլ ԱԺ-ում փախեփախ անելով՝ լրագրողների մի երկու հարցի է զոռով պատասխանել։ Այս իմաստով՝ լավ կլինի, որ նրան այս պաշտոնին նշանակած Նիկոլ Փաշինյանը նախեւառաջ իր նշանակած նախարարի վրա մուննաթ գա եւ հորդորի՝ մեկ-մեկ գոնե լրագրողների հետ շփվել․ ի վերջո, մեր բոլոր հարցերը չէ, որ «Արցախը հանձնելու» մասին են լինում։ Եվ, առհասարակ, լրագրողների հետ բոլոր շփումները նվազագույնի հասցրած եւ բոլոր որոշումները փակ դռների ետեւում ու չզեկուցվող կամ գաղտնի հարցերի ձեւով ընդունող այս կառավարությունը, թափանցիկության առումով, անցավ բոլոր նախորդներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել