Hetq.am-ը գրում է․
Ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին ադրբեջանական կողմում հայտնված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը, ադրբեջանական կողմի պնդմամբ, առաջիկա օրերին կվերադարձվի հայկական կողմին։ Trend գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գերիների և պատանդների հարցերով տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը։
Ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոցի փոխանցմամբ էլ՝ հայ զինծառայողի հայրենադարձումը տեղի կունենա Աղդամի մոտ՝ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության միջնորդությամբ։ Ադրբեջանցիները պնդում են, որ «իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ Մարտիրոսովը չի համարվում դիվերսանտ<...> և ադրբեջանական սահմանը հատել է տեղանքում մոլորվելու հետևանքով»։
Ենթադրաբար, Մարտիրոսովի ազատ արձակման պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ։
Լուրը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Արտաքին գործերի նախարարության հետ, սակայն ԱԳՆ-ից չպատասխանեցին մեր զանգերին։
Հիշեցնենք՝ 2022թ․ ապրիլի 23-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ:
«Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- նշվում էր հաղորդագրության մեջ: