Hetq.am-ը գրում է․

Շվեյցարական բանկային համակարգը հայտնի է իր գաղտնիությամբ։ Երբեմն շվեյցարական բանկերում բացված հաշիվները դրանց իրական սեփականատերերի անունով չեն։ Ինչպե՞ս բացատրել այն, որ ՀՀ քաղաքացու բանկային հաշվին եղել է առնվազն 106 մլն շվեյցարական ֆրանկ, հաղորդում է «Հետքը»:

1997 թվականին Հայաստանի քաղաքացի Նինա Մինասյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ նրա անունով Շվեյցարիայում բանկային հաշիվ բացվեց։

2013 թ.-ի դրությամբ այդ հաշվին պահվում էր մի քանի տասնյակ միլիոն շվեյցարական ֆրանկ։

Մինասյանի աշխատանքային պատմությունը, որևէ բիզնես չունենալու փաստը և ընտանեկան հանգամանքները մի շարք հարցեր են առաջացնում։ Ինչպե՞ս է ՀՀ քաղաքացին կարողացել այսքան միջոց կուտակել։ Իրականում ո՞ւմ է պատկանում այդ գումարը, արդյոք այս հարստության իրական տերն օգտագործում է Մինասյանի անունը իր կարողությունը թաքցնելու համար։ 

Մինասյանի բանկային հաշվի մասին տեղեկատվությունը ներառված էր Credit Suisse բանկային տվյալների արտահոսքի մեջ։ Տվյալները գերմանական Süddeutsche Zeitung թերթին տրամադրել է անանուն աղբյուրը, և թերթն այդ տվյալները տրամադրել է «Հետք»-ին և տասնյակ այլ հետաքննող լրագրողների՝ Suisse Secrets անվանումը ստացած անդրսահմանային լրագրողական հետաքննության շրջանակներում:

Նախագծի ուշադրության ներքո են հայտնվել ամբողջ աշխարհից կասկածելի գործիչներ՝ հանցագործներ, նախկին պաշտոնյաներ և օլիգարխներ, որոնք շահարկել են Շվեյցարիայի բանկային գաղտնիքի մասին օրենքը՝ իրենց միլիոններն այդ երկրի բանկերում թաքցնելու համար:

Սակայն, ինչպես ցույց է տալիս մեր հետաքննությունը, ամեն մի խոշոր գումար պարունակող հաշիվ չէ, որ կապված է հայտնի անվան հետ:

Վստահելի անձանց (proxy) անուններով բիզնեսի գրանցումը, օֆշորային և բանկային հաշիվներ բացելը հարստությունը թաքցնելու բազմաթիվ եղանակներից մեկն է: Այս մեթոդը Հայաստանում մշտապես կիրառել են տարբեր պաշտոնյաներ և օլիգարխներ։ Ֆորմալ առումով նրանք որևէ առնչություն չունեն տվյալ բիզնեսի կամ մեծ գումարի հետ, բայց գործնականում դրանց իրական տերերն են։

Թեև մեր հետաքննության ընթացքում մենք էական ապացույց չգտանք այն մասին, որ Մինասյանն ինչ-որ մեկի վստահված անձն է, նրա հսկայական հարստության հիմնավորումների բացակայությունը հարց է առաջացնում, թե արդյոք Մինասյանի անունը այս դեպքում օգտագործվել է երրորդ անձի քողարկելու նպատակով։ Հայաստանի նման զարգացող երկրի համար, որտեղ կա խորը տնտեսական և սոցիալական անհավասարություն, նման անբացատրելի հարստությունը դառնում է հանրային շահի հարց:

Արտահոսած բանկային հաշիվների մասին տվյալներում նշված է Նինա Մինասյանի անուն ազգանունը, ծննդյան տարեթիվը, ինչը թույլ է տվել մեզ գտնել Մինասյանին բաց տվյալների հիման վրա: Հայաստանում այդ ազգանունով և ծննդյան տարեթվով միայն մեկ անձ կա:

Բնակարանում, որտեղ գրանցված են Նինա Մինասյանը, նրա ծնողները և եղբայրը, ոչ ոք չի ապրում: Հարևանները մեզ պատմեցին, որ նրանք Մոսկվայում են:

Նինա Մինասյանն այժմ բնակվում է Շվեյցարիայի Բեռն քաղաքում և աշխատում է հեռահաղորդակցությունների ոլորտում ծառայություններ տրամադրող «Comfone» ընկերությունում:

Ամիսներ առաջ, երբ նոր էինք սկսում հետաքննությունը, «Comfone»-ի կայքում տեղադրված էր Մինասյանի լուսանկարը և կարճ հարցազրույց նրա հետ, որում նա պատմում էր, թե ինչպես է տեղափոխվել Շվեյցարիա: Սակայն այս տեղեկատվությունն այժմ կայքից հեռացվել է:

Սոցիալական ցանցերից Նինա Մինասյանը կա միայն LinkedIn-ում, գրանցված է որպես «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատակից։ Ընկերությունից մեզ հայտնեցին, որ 2014-ից Մինասյանը այդտեղ չի աշխատում։ Նրա նախկին գործընկերները Նինային բնութագրում են որպես ինքնամփոփ, չշփվող, գործընկերներից որևէ մեկը նրա հետ կապ չի պահպանել:

Մինասյանի հետ LinkedIn-ով կապ հաստատեց Süddeutsche Zeitung-ի մեր գործընկերը: Նա համաձայնեց պատասխանել իր բանկային հաշվին պահվող գումարների աղբյուրի մասին հարցերին և խնդրեց գրավոր ուղարկել դրանք: Այս տարվա հունվարի 26-ին մեր գործընկերն ուղարկեց հարցերը, սակայն որևէ պատասխան չեղավ:

Որոշ ժամանակ անց մենք զանգահարեցինք «Comfone» և խնդրեցինք միացնել Նինա Մինասյանին: Հեռախոսավարն ասաց, որ Նինան չի ուզում խոսել մեզ հետ և հայտնել է, որ մեր հարցերը կարող ենք ուղարկել իրեն էլ. փոստով:

Մենք հարցերն ուղարկեցինք Մինասյանին: Որևէ պատասխան չստացանք: Մեկ ամսվա ընթացքում նրան մի քանի անգամ նամակ ուղարկեցինք, դրանցից որևէ մեկին նա չպատասխանեց: Մինասյանը նույնիսկ արգելափակել էր մեր էլ. հասցեները։

Այս ընթացքում մենք ուսումնասիրեցինք նրա ընտանիքը և հարստության որևէ հիմնավորում չգտանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել